Ժվանիայի մահվան վերաբերյալ զեկույցի հեղինակը անմեղ ճանաչվեց

Վրաստանի  Գերագույն  դատարանը այսօր պաշտոնապես անմեղ է ճանաչել փորձագետ Լևան Չաչուային: Դատարանի  հրապարակած վճռում ասվում է, որ փորձագետի հանդեպ, ով Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան վերաբերյալ զեկույցի հեղինակն է,  հարցեր չեն առաջանում:

«Չնայած դատարանի որոշմանը, իշխող թիմը («Վրացական երազանք»-ը) շարունակում է նախկին  վարչապետի մահվան որոշ հանգամանքների վրա ուշադրություն սևեռել»,- գրում է ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:

Փորձագետի փաստաբանը հայտարարել է, որ կառավարությունը Չաչուային պետք է փոխհատուցի: Նշվում է, որ հավանաբար այս հարցի շուրջ դատարանը լսումներ կանցկացնի:

Հիշեցնենք, որ 2005 թվականի փետրվարի 3-ին հայտնի դարձավ Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան մասին լուրը: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Ժվանիայի դին հայտնաբերվել էր Թբիլիսիի մի  բնակարանում։ Պաշտոնական տեղեկատվությամբ, նախկին վարչապետը մահացել է գազի արտահոսքից, սակայն տարբեր լուրերի համաձայն` նրա մահը ծրագրված էր:   Որոշ պաշտոնյաներ եւ քաղաքական գործիչներ Ժվանիայի սպանության մեջ մեղադրում էին հենց Ժվանիայի զինակից, նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին:

«Վրացական երազանք»-ի հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին մինչ իշխանության գալը հայտարարել էր, որ շարուանկելու է Ժվանիայի մահվան գործի քննությունը:

 

Թողնել պատասխան