Իլիա 2-րդը մասնակցելու է Ռուսաստանի պատրիարք Կիրիլի 70 ամյակին նվիրված միջոցառումներին

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդը երեկ՝ նոյեմբերի 18-ին մեկնել է Մոսկվա, որտեղ մասնակցելու է Մոսկվայի և Ռուսաստանի պատրիարք Կիրիլի 70 ամյակին նվիրված միջոցառումներին: Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի պատրիարքարանի պաշտոնական կայքը: Բարձրաստիճան հյուրին Վնուկովո օդանավակայանում դիմավորել են մի շարք բարձրաստիճան հոգևոր անձիք: Վրաստանի պատրիարքի հետ միասին Մոսկվայում են գտնվում նաև Ախալցիխեի և Տաո-Կլարջեթիի արքեպիսկոպոս Թեոդորեն, Զուգդիդիի և Ցաիշիի արքեպիսկոպոս Գերասիմեն, Գորիի և Սամթավիսիի արքեպիսկոպոս Անդրիան և վրաց եկեղեցու այլ ներկայացուցիչներ: Նոյեմբերի 20-ին Մոսկվայի Քրիստոս Փրկիչ տաճառում կմատուցվի պատարագ, որին կմասնակցեն տարբեր ուղղափառ եկեղեցիների պատրիարքներ և նրանց ներկայացուցիչներ: Պատարագից հետո Ռուսաստանի պատրիարքը կանցկացնի տոնական ընդունելություն՝ իր 70-ամյակի կապակցությամբ: Գիորգոբային՝ նոյեմբերի 23-ին, Մոսկվայի վրաց եկեղեցում վրաց կաթողիկոս-պատրիարքը պատարագ կմատուցի: Ավելի ուշ տեղի կունենա պատրիարքի հանդիպումը վրացական համայնքի հետ: Իլիա 2-րդը՝ պատվիրակության անդամների հետ միասին Վրաստան կվերադառնա նոյեմբերի 25-ին:

Թողնել պատասխան