Իլիա 2-րդ. իշխանությունների հետ ուսումնասիրում ենք եկեղեցու շուրջ ծագած սկանդալը

«Մենք իշխանությունների հետ ուսումնասիրում ենք բոլոր հարցերը, որից հետո միայն եզրակացություններ կանենք»,- Թբիլիսիի օդանավակայանում լրագրողների հետ զրույցում պատրիարքարանի շուրջ ընթացող զարգացումներին այսպես  է արձագանքել Համայն Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդը։

Հիշեցնենք՝ պատրիարքի ինքնաթիռը Թբիլիսիի օդանավակայանում  վայրէջք է կատարել փետրվարի 20-ի երեկոյան։  Իլիա երկրորդն իր շքախմբի հետ կանգ է առել օդանավակայնում հավաքված հավատացյալների մոտ, իր օրհնությունը փոխանցել նրանց, այնուհետև լրագրողների հետ զրույցում ասել է․

«Ձեր աղոթքների շնորհիվ է, որ ես անվտանգ վերադարձա Գերմանիայում տեղի ունեցած դժվար վիրահատությունից հետո: Իմ երախտագիտությունն եմ հայտնում ձեզ, ինչպես նաև   գերմանացի մասնագետներին, ովքեր ամեն ինչ արեցին, որպեսզի վիրահատությունը բարեհաջող անցնի»:

Վրաց Ուղղափառ եկեղեցու հովվապետը անդրադառնալով եկեղեցու շուրջ տեղի ունեցած իրադարձություններին, նշել է․

«Մենք իշխանությունների հետ ուսումնասիրում ենք այդ իրադրաձությունները, որից հետո միայն եզրակացություններ կանենք։ Համոզված եմ, որ ամեն ինչ բարեհաջող ավարտ կունենա: Օրհնյալ եղեք և երջանիկ»,-հայտարարել է պատրիարքը, այնհուտև օդանավակայանից մեկնել առաջնորդանիստ Սամեբա (սուրբ երրորդություն)  մայր  տաճար:

Հիշեցնենք՝ Վրաստանի գլխավոր դատախազության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Վրաստանի պատրիարքարանի ներկայացուցիչ հայր Գիորգի Մամալաձեն  փորձել է ցիանիդով թունավորել պատրիարքին։ Մամալաձեն ձերբակալված է, քննությունը շարունակվում է։

Թողնել պատասխան