Իմ կյանքը կապված է Հայաստանի հետ․ Գիա Կանչելի

Այս օրերին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանում անցկացնում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, վրաց մեծանուն կոմպոզիտոր Գիա Կանչելիին նվիրված փառատոն։  

Հունիսի 18-20-ն անցկացվող փառատոնին ներկա է նաև կոմպոզիտորը,  ով նշել է, որ Հայաստանն իր կյանքում յուրահատուկ տեղ է զբաղեցնում։

«Ես շատ երջանիկ եմ, որ ինձ բախտ է վիճակվել ևս մեկ անգամ գալ Հայաստան, երկիր, որի հետ իմ կյանքի կեսն է կապված եղել։ Շուտով 82 տարեկան կլինեմ, կյանքիս գրեթե կեսը անց եմ կացրել Դիլիջանի ստեղծագործական տանը, որտեղ գրել եմ իմ 6 սիմֆոնիաները, յուրաքանչյուրի համար 1-ից 3 տարի է պահանջվել։ Ամեն անգամ, երբ ավարտում էի աշխատանքս, անպայման պետք է առաջինն այն ներկայացնեի Առնո Բաբաջանյանին, Էդուարդ Միրզոյանին, Ալեքսանդր Հարությունյանին, Ավետ Տերտերյանին։ Ինձ համար մեծ պատիվ էր նրանց ցույց տալ իմ աշխատանքները և լսել նրանց կարծիքն ու դիտողությունները։ Ահա, դուք կարող եք պատկերացնել, թե որքան է իմ կյանքը կապված Հայաստանի, հատկապես Դիլիջանի հետ»,- ասել է Գիա Կանչելին։

24206_bԱյսօր մեծանուն կոմպոզիտորին ընդունել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով նշել է, որ Հայաստանում շատ սիրում ու բարձր են գնահատում Գիա Կանչելիի արվեստը, ինչի վկայությունն է նրան նվիրված երևանյան փառատոնը: Այն, ըստ նախագահի, կոմպոզիտոր Կանչելիի երաժշտական ժառանգության նկատմամբ հայ հանդիսատեսի սիրո և ճանաչման լավագույն դրսևորումն է: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալելու ճանաչված կոմպոզիտորին, ով իր մեծ ներդրումն ունի հայ և վրաց ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում:

Գիա Կանչելիին նվիրված փառատոնի շրջանակներում «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի են ունեցել սիմֆոնիկ համերգներ, որոնց ընթացքում հնչել են կոմպոզիտորի մեծակտավ ստեղծագործությունները։

Թողնել պատասխան