Իվանիշվիլիի առողջության մասին լուրերը հակասական են

Լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, թե Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի առողջական վիճակը կտրուկ վատացել է, թերթերը գրում են, որ 61-ամյա օլիգարխը ինֆարկտ է տարել: «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել էր, թե ըստ իր աղբյուրների՝ Իվանիշվիլին ինֆարկտից հետո բուժվում է  Գերմանիայում: Իվանիշվիլիի որդին՝ ԱՄՆ-ում բնակվող  ռեփեր Բերան, այս լուրերն ապատեղեկատվություն է որակել. «Ուզում եմ ասել, որ իմ հայրն ամեն օր ակտիվ մարզվում է և նրա առողջական վիճակը  կայուն է: Պարզապես խղճում եմ այն մարդկանց, ովքեր նման բան են գրում, քանի որ նրանք չգիտեն՝ ինչ է մայրական, հայրական սերը, ինչ է հայրենիքի սերը: Նրանք դժբախտ մարդիկ են»,-սոցիալական ցանցերից մեկում այսպես է արձագանքել ռեփերը: 

Իշխանությունների կողմից այս թեմայով հայտարարություն չի եղել: Իվանիշվիլիի կազմակերպությունից (Քարթու հիմնադրամից) մի քանի հայտարարություններ եղել են, սակայն դրանք ուղիղ չեն պատասխանում հարցին՝ ունի օլիգարխն առողջական խնդիրներ, թե ոչ: Այս օրերի ընթացքում, երբ քննարկվում է Իվանիշվիլիի առողջության հարցը, միլիարդատերը չի ներկայանում հանրությանը:

Թողնել պատասխան