Լարսի անցակետը դեռևս չի բացվի

Դարիալիի կիրճի վրաց-ռուսական սահման տանող ճանապարհի վերագործարկումը որոշվել է հետաձգել մինչև հուլիսի 8-9ը` քանի դեռ սողանքի և հեղեղների վտանգը չի նվազել:

Հիշեցնենք` նախօրեին որոշվել էր փորձնական ճանապարհը մասամբ բացել փոքր մեքենաների համար, սակայն հուլիսի 4-ի հորդառատ անձրևի պատճառով որոշումը վերանայվել է: Բացի այդ,  օդերեւութաբաններն ակնկալում են, որ այս շրջաններում ուժեղ անձրևները չեն դադարի մինչև հուլիսի 7-ը: Տեղումների պատճառով լեռներում հնարավոր են սողանքներ`  զգուշացնում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը: Ճանապարհը փակ լինի այնքան ժամանակ, քանի դեռ մասնագետները չեն բացառի բոլոր տեսակի վտանգները:

Ճանապարհը վերագործարկելու դեպքում երթևեկությանը հետևելու է պարեկային ոստիկանությունը: Հիշեցնենք, մասնագետներից  6 օր պահանջվեց`  Թերեք գետի այս հատվածը իր նախկին հուն վերադարձնելու համար:  Newsgeorgia  պարբերականը գրում է, որ արագ փչացող սնունդ տեղափոխող բեռնատարներին Վրաստանի իշխանություններն այլընտրանքային ճանապարհ են առաջարկել` Բաքու մեկնելու միջոցով, իսկ Հայաստանից թարմ միրգ և բանջարեղեն տեղափոխող 55 բեռնատարներ Ռուսաստան են հասել լաստանավերով:

Ավելացնենք, որ այլընտրանքային ճանապարհը ոչ միայն շատ հայերի, այլեւ Հայաստանից մեկնող Ռուսաստանի քաղաքացիների համար հնարավոր չէր կիրառել: Վրաց-ադրբեջանական սահմանից, ՌԴ մի շարք քաղաքացիների ետ են ուղարկել` անձնագրում հայկական կնիք ունենալու պատճառով: Այժմ բեռնատարներ կան թե՛ վրացական, թե՛ ռուսական կողմում: ՀԻՆ-ը տեղեկացնում է, որ ռուսական հատվածում սպասող վարորդների համար բոլոր անհրաժեշտ պայմաններն ապահովված են, վրացական կողմում, սակայն վարորդներին որևէ օգնություն չի ցուցաբերվել:

Թողնել պատասխան