Խաշուրիից փախած երեխան վերջապես այցելեց Թբիլիսիի կենդանաբանական այգի

Թբիլիսիի կենդանաբանական այգին եւ պարեկային ոստիկանությունն իրականացրել են Խաշուրի քաղաքից այն տղայի երազանքը, որը նախորդ օրն առանց ծնողներին տեղեկացնելու փախել էր տնից, որպեսզի այցելի Թբիլիսիի կենդանաբանական այգի: Քաղաքների միջեւ հեռավորությունը 130 կմ է:

Երեկոյան 10-ամյա երեխային գտել էին պարեկային ոստիկանության աշխատակիցները, զանգահարել երեխայի հորը, որն էլ նրան տուն էր տարել, այդպես էլ կենդանաբանական այգի այցելելու հնարավորություն չտալով:

Ոստիկանությունում, սակայն, որոշել են օգնել փոքրիկ Գիորգիին եւ նախօրեին Թբիլիսիում երեխային հայտնաբերած ոստիկանության աշխատակիցները նրան կրկին մայրաքաղաք են բերել: Գիորգիի հետ Թբիլիսի են ժամանել նաև նրա եղբայրը եւ հայրը:

Թբիլիսիի կենդանաբանական այգին Գիորգի Նոզաձեին հանձնել է «ընկերության պատվոգիր» եւ տարեկան անվճար այցելության քարտ:

Տղայի հետ հանդիպել է կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն եւ էքսկուրսիա անցկացրել: Գիորգին, որի պատմությունը հետաքրքրել է լրագրողներին, հայտարարել է, որ ամենից շատ հավանել է առյուծներին, օձերին եւ վագրերին։

Թողնել պատասխան