Խորհրդարանական փոքրամասնությունը էներգետիկայի նախարարին սպասում է խորհրդարանում

Խորհրդարանական փոքրամասնությունը Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեից պատասխանի է սպասում: 

«Եվրոպական Վրաստան» խմբակցության անդամների հայտարարությամբ՝ Կախա Կալաձեն և խորհրդարանական մեծամասնությունը խուսափում են պատասխանել «Գազպրոմ»-ի հետ կապված հարցերին:

«Կալաձեն և մեծամասնությունը չեն ցանկանում խոսել երկրի համար ամենակարևոր թեմաներից մեկի շուրջ, որը վերաբերում է երկրի էներգետիկ անվտանգությանն ու տնտեսական անկախությանը: Սակայն, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այս պայմանավորվածությունը (ռուսական «Գազպրոմ»-ի հետ) հրապարակվի և հասարակությունն իմանա, թե ինչ հանցագործություն է գործել «Վրացական երազանք»-ը»,-հայտարարել է Սերգի Ռատիանին, ով՝ մի խումբ գործիչների հետ հեռանալով «Միացյալ ազգային շարժում կուսակցության» շարքերից, օրերս է համալրել «Եվրոպական Վրաստան»-ի շարքերը։

«Միացյալ ազգային շարժման» անդամները ևս իշխանություններից  պահանջում են հրապարակել Վրաստանի կառավարության և ռուսական «Գազպրոմ» ընկերության միջև հունվարի 13-ին ստորագրված պայմանագիրը:

«Երբ կառավարությունը չի բացահայտում պայմանագրի որևէ կետ, տարանցման համար ստացվող գումարի չափը, սա արդեն աղետ է: Այս դեպքում նույնիսկ չարժե խոսել պայմանագրի քաղաքական կողմի մասին: Սա կապիտուլյացիա է»,- հայտարարել է Ռոման Գոցիրիձեն:

Իշխող «Վրացական երազանք»-ի անդամ Դավիթ Մաթիկաշվիլին ի պատասխան այս հայտարարությունների, նշել է, որ  Կախա Կալաձեի՝ խորհրդարան գալու և բացատրություններ տալու անհրաժեշտություն չի տեսնում:

«Սա ուղղակի մանիպուլյացիա է: Այնպիսի արտասովոր բան չկա, որ էներգետիկայի նախարարը խորհրդարան գա և լրացուցիչ բացատրություններ անի»,- հայտարարել է Մաթիկաշվիլին:

Նշենք, որ հայտնի է միայն այն, որ հունվարի 13-ին Վրաստանի կառավարության ու  ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ Հայաստանին գազի մատակարման պայմանների շուրջ ձեռք բերված պայմանագրի համաձայն, Վրաստանը անցնում է  ֆինանսական ուղղակի վճարումների մեխանիզմի։ Մինչ այդ Վրաստանը ստանում էր տարանցման ընդհանուր ծավալի 10 տոկոսը։

Հատկանշական է, որ երկու տարի ժամկետով կնքված  պայմանագրի առաջին տարվա ընթացքում Վրաստանը տարանցման գումարի մի մասը կստանա գազով, մյուս մասը՝ գումարի տեսքով: Բացի այդ Վրաստանը Գազպրոմից անհրաժեշտության դեպքում կարող է  գազ գնել 1000 խմ-ի  դիմաց 185 դոլարով՝ ավելի վաղ հայտարարված  215 դոլարի փոխարեն։

«Գազպրոմ»-ի հետ համաձայանգիրը օրեր առաջ դատապարտել է նաև երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։

Թողնել պատասխան