Խորհրդարանը հաստատել է զինծառայությունից խուսափելու պատիժները

Վրաստանի խորհրդարանը հաստատել է Քրեական օրենսգրքի՝ պարտադիր զինծառայությանը վերաբերող հոդվածի փոփոխությունները:

Փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո ծառայությունից խուսափողներին ազատազրկում է սպասվում: Նախաձեռնության հեղինակների խոսքով՝ սրա նպատակն է բացառել այն դեպքերը, երբ երիտասարդները փորձում են խարդախությունների միջոցով խուսափել ծառայելուց՝ օրինակ նպատակաուղղված ինքնավնասումը, հիվանդ ձևանալը, փաստաթղթերի կեղծելը:

Այսպիսով՝ փոփոխություններ են սպասվում օրենսգրքի 356 հոդվածում, որոնցով զինվորական ծառայությունից խուսափողների համար պատիժ կսահմանվի տուգանքից մինչև ազատազրկում:

Հիշեցնենք՝ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելիի նախաձեռնությունը, որով ծառայությունը վերածվելու էր միայն պայմանական տարբերակի, ձախողվեց: Պարտադիր ծառայության չեղարկման՝ նրա  միանձնյա որոշումն առաջացրեց Վրաստանի կառավարության անդամների դժգոհությունը: Խիդաշելիի պաշտոնը թողնելուց հետո Վրաստանի պաշտպանական գերատեսչության նոր ղեկավար Լեվան Իզորիան հայտարարեց պարտադիր ծառայության վերականգնման մասին:

Այսօր Վրաստանում ծառայությունը բաժանվում է 4 կատեգորիայի՝ պարտադիր, պայմանագրային, կադրային և պահուստային: Պարտադիր ծառայության են կանչվում 18-27 տարեկանները, ծառայության ժամկետը 12  ամիս է: Զորակոչը տարեկան երկու անգամ՝ աշնանային և ամառային:

Նյութի աղբյուր՝ «SOVA»

Լուսանկարը՝ Վրաստանի ՊՆ-ի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան