Կառավարության նպատակը մարդկանց գրպանները դատարկելն է. Ճիաբերաշվիլի

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամ Զուրաբ Ճիաբերաշվիլիի հայտարարության համաձայն՝ կառավարության նոր նախաձեռնությունների նպատակը քաղաքացիների կյանքի առավել թանկացումն է: Վրաստանյան «News.ge» լրատվականը ներկայացնում է նոյեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում Ճիաբերաշվիլիի խոսքերը:

«Երեկ Իվանիշվիլիի կառավարությունը ներկայացրեց ծրագիր, թե ինչպես է կառավարությունը պատրաստվում  էլ ավելի թանկացնել քաղաքացիների կյանքը, ինչպես է պատրաստվում դատարկել քաղաքացիների գրպանները և վերջնականապես աղքատացնել նրանց: Հարկերի նվազեցման փոխարեն բարձրացնում են այն՝ խնդիր դարձնելով հազարավոր մարդկանց համար»,— հայտարարել է Զուրաբ Ճիաբերաշվիլին:

Ընդդիմադիր պատգամավորը վստահ է, որ կառավարության որոշումները շուտով կհանգեցնեն ամենօրյա օգտագործման ապրանքների թանկացմանը:

«Այս ամենի հետ մեկտեղ Կվիրիկաշվիլին հպարտությամբ հայտարարում է, թե թոշակները չեն բարձրանալու»,— նշել է պատգամավորը:

Հիշեցնենք, նոյեմբերի 29-ին կառավարության նիստի ժամանակ մի շարք որոշումներ են ընդունվել, որոնց թվում են 10 %-ով ադմինիստրատիվ ծախսերի կրճատումը, օնլայն վարկերի տրամադրման արգելումը, կենսաթոշակների քանակի չավելումը և այլն: Որոշվել է նաև 2017 թվականի հունվարից ավելացնել ծխախոտի, ներմուծվող մեքենաների, ինչպես նաև նավթամթերքների ակցիզային հարկերը:

Թողնել պատասխան