Կյանքի մեծ ուժ կա հայ ժողովրդի մեջ, որը շատ համաճարակների և դժբախտությունների միջով է անցել

Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» գրքի հերթական` 11-րդ հատվածը: Այս մասում տեղ են գտել «Վրաստան» եւ «Հայրենիք» վրացալեզու թերթերում, 1915 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հրապարակված հոդվածների հայերեն տարբերակները:  

Հայրենիք 1915/10/28 #208

Ի՞նչ են մտածում հայերը
«Բաքու» թերթում հոկտեմբերի 24-ին հրապարակվել է հայերի այժմյան տրամադրվածության վերաբերյալ նամակ (նման նամակ ավելի վաղ հրապարակվել է “Кавк, слово”-ում): Ներկայացնում ենք նամակի թարգմանությունը:

«Հայերի շրջանում խիստ արձագանք այլևս չկա: Այլևս չկա այն հիացմունքը, ինչպես անցյալ տարի, մասնավորապես ռուսների` Օսմանյան կայսրության դեմ արշավի ժամանակ: Ժողովրդի մեջքը կոտրվել է և քարացել է իր համար սպառնալիք հանդիսացող ճակատագրի առջև ու սպասում է ավելի շատ փորձությունների:

Ցավոք, հուսահատության ալիքը ուժեղ ազդեցություն է ունեցել հայ մտավորականների և բուրժուազիայի մի մասի վրա, որոնց համար հայերի կոտորածը Օսմանյան Հայաստանի քաղաքական տեսլականի մահն է:

«Ինչի՞ է ունակ ազատ Հայաստանը, երբ այնտեղ հայեր չեն մնացել»: Անվերջ բացականչում են` հուսահատներ և փոքրոգիներ: Մնացել է միայն մեկ քայլ անել, որպեսզի ամբողջովին հրաժարվեն այն ճանապարհից և հնարավորությունից, ինչի օգնությամբ հայերը ցանկանում են անկախություն ձեռք բերել:

Այս ուղղության շարժիչը «Մշակ» թերթն է, որը հայ հասարակական շարժման ղեկավարների դեմ շեշտադրված քարոզով է զբաղվում: Թերթն ամեն ինչի մեղավոր է տեսնում հայկական քաղաքական գործիչներին ու քաղաքականությունը:

Եթե ուշադիր կարդանք այն, ինչ ամեն օր հրապարակվում է հայկական թերթերում, կտեսնենք, որ հայ հանրության գիտակից ներկայացուցիչներն այսօր երկու թեմայի շուրջ են վիճում։

Առաջինը. որքանով են հայերի ղեկավար կազմակերպությունները պատասխանատու հայերի դժբախտ վիճակի համար և որքանով են նրանք կարողանալու տնօրինել հայ ժողովրդի ճակատագիրը:

Երկրորդը. ինչպիսին պետք է լինի հայերի քաղաքականությունը հայերի կոտորածից հետո:

Մենք արդեն գիտենք, թե ինչպես են գերմանացիները և երիտթուրքերը իրականացնում հայերի «մաքրման» գործը: Գիտենք, որ հայերի կոտորածն անհրաժեշտ էր մեր թշնամիներին: Այդ պատճառով, այժմյան պատերազմի պայմաններում, հայերի վիճակի վրա չէր կարող ազդեցություն ունենալ որևէ հայկական կազմակերպության քաղաքականությունը:

Իհարկե, հայերը բավականին սխալներ են թույլ տվել, դա հայտնի է բոլորին: Սակայն, այս ամենը տեղի էր ունենում ոչ թե կազմակերպությունների քաղաքական կողմնորոշուման հետևանքով, այլ կազմակերպությունների հստակ ծրագրի բացակայության և անկազմակերպության պատճառով, ինչը առաջացրել է հայ քաղաքականության տգիտությունը և դրա պատասխանատուները չեն կարող լինել մեր քաղաքական գիրծիչները:

Հայ քաղաքական գործիչների հիանալի ներկայացուցիչ Վարանդյանն ասում է, որ բոլոր նրանք, ովքեր այսօր խոսում և որպես դիվանագետ են ներկայանում, և ովքեր այսօր «տղամարդու» նման աղեղներ են նետում և փորձում են ապացուցել, թե այլ կերպ հնարավոր չէր, հայ կամավորների ներգրավումը պատերազմին անպայման կառաջացներ մեր ժողովրդի սարսափելի կոտորած և այս ամենը նախապես պետք է հաշվի առնեին, սրանք բոլորն աղավաղում են փաստերը և նույնիսկ իրենց հոգևոր զգացմունքները։ Նույնիսկ ամենասրտացավ, մտածող և իմաստուն հայը ենթարկվել է ընդհանուր ազգայինին և նույնիսկ եթե որևէ կազմակերպության դեմ գործեր, կամավորական ջոկատները միևնույն է աղետի նման պայթում էին… Սա ավելի քան պարզ է: Բոլորը հույս էին տածում և նախապես լսում հաղթանակի ձայնը:

«Հորիզոնում» և «Մշակում» բազմիցս նշված է եղել, որ «Մշակ»-ի ուշացած դատապարտողներն ու նրանց համախոհները միջնորդությունը համարում են եղելության պատճառ: Հնարավոր է, որ հայ կամավորական ջոկատների արշավները միջնորդել են հայերի կոտորածին, սակայն պատճառը չեն եղել: Մի՞թե Ավստրիայի լեհերի ջոկատների կազմավորումն առաջացրեց Ռուսաստանի լեհերի կոտորածը… Երիտթուրքերը միշտ պատրվակ են փնտրել և միշտ գտել այն:

Եթե հայերի կոտորածի մեջ մեղադրենք հայ գործիչներին, դրանով կհամաձայնենք Օսմանյան կայսրության և Գերմանիայի կառավարությունների հետ, որոնք հայտարարում են, թե հայերն ապստամբել են և դրա համար պատժվել:

Ինչ վերաբերում է նրան, թե այսուհետ ինչպիսին պիտի լինի հայկական քաղաքականությունը, ապա այն շերտերը, որոնց հայացքները փոխանցում են «Հորիզոնն» ու «Արև»-ը, այսօր նույնպես վստահ են, որ չնայած նման փորձությունների և զոհերի, հայերը պետք է հստակ շարունակեն իրականացնել իրենց քաղաքական երազանքը: Ինչպես նախկինում` այնպես էլ հիմա, Հայաստանը հնարավոր է վերականգնել միայն այն դեպքում, երբ Դաշինքի անդամ երկրները հաղթեն: Այդ պատճառով, հայերն ամեն կերպ պետք է օգնեն նրանց:

Կյանքի մեծ ուժ կա հայ ժողովրդի մեջ, որը շատ համաճարակների և դժբախտությունների միջով է անցել իր պատմության ընթացքում, և այս անգամ նույնպես կկարողանա հաղթահարել այս դժբախտությունը: Պետք է մինչև վերջ պայքարենք և շարունակենք գործողությունները նույն հավատով, որով սկսել ենք»:

Ս. Փ.

Հայրենիք 1915/10/29 #209

Թբիլիսի
Աջակցություն հայ փախստականներին
Պետրոգրադի հայերի օգնության հանձնաժողովը 46.500 մանեթ է ուղարկել հայկական կոմիտեի կենտրոնական գրասենյակ: Գումարի կեսը պետք է օգտագործվի ապաստաններ կառուցելու, իսկ մյուս կեսը՝ 1500 փախստական երեխաներին օգնելու համար: Միևնույն հանձնաժողովը 17 հազար մանեթ է ուղարկել Բաքվի հայկական կոմիտեին՝ որբ երեխաներին տաք հագուստով ապահովելու նպատակով:

Վրաստան 1915/10/30 #130

Աքսորված հայերը
Պորտ Սաիդում մի քանի հազար հայ փախստական է ապաստանել: Նրանք ապրում են 450 վրանում:

Հայրենիք 1915/10/31 #211

Օսմանցիներն ու հույները
Սալոնիկում հրատարակվող «Օրինիոն» թերթը ցավով գրում է գերմանական շաբաթաթերթում տեղ գտած նամակի մասին, որի հեղինակն Օսմանյան կայսրության կառավարությանը խորհուրդ է տալիս հույն վաճառականների և քաղաքացիների դեմ միջոցներ ձեռնարկել, քանի որ նրանք հետաքրքրված են Օսմանյան պետության ոչնչացմամբ:

Վրաստան 1915/11/3 #133

Բուխարեստ, հոկտեմբերի 31
Թերթերը տեղեկացնում են` Ստամբուլում Գերմանիայի նորանշանակ դեսպանը մինչ Ստամբուլ գնալն անցել է Բուխարեստով և որոշ ժամանակ անցկացրել թագավորի հետ:

Ստամբուլից տեղեկացնում են, որ Կուփայում սկսել են կոտորել հայերին: Ստամբուլից եկած հրամանի համաձայն՝ հայերին կոտորում են մեկ առ մեկ, չեն խնայում ծերերին և մանուկներին, հրդեհում են տները: Ասում են` գործողությունների ժամանակ սպանել են նաև Ամերիկայի քաղաքացի Լեսլիին, ով օգնել է հայերին:

Վրաստան 1915/11/11 #140

Օսմանյան բանակն ու նրա բաշխումը
Այսօր Օսմանյան կայսրությունում պատերազմի դաշտ է դուրս բերվել մոտ 700 հազար զինվոր: Այս զորքը բաժանված է 7 բանակների: Ամենաուժեղը` Անատոլիայի և Թրակիայի խումբն է, որը պաշտպանում է Փոքր Ասիայի արևմտյան ափը և Ստամբուլի նեղուցը: Այս խումբը կազմված է առաջին, երկրորդ և հինգերորդ բանակից և ներառում է 300 հազար զինվոր: Այս խումբը Գալիպոլի կղզում կռվում է անգլո-ֆրանսիական դեսանտի դեմ: Առաջին բանակը ղեկավարում է Ֆոն Դերհոլց փաշան, երկրորդը` Վեհիբ փաշան, իսկ հինգերորդի գլխավոր հրամանատարը Ֆոնդ Սանդերսն է: Լուրեր կան, որ առաջին բանակից Փերթև փաշայի կորպուսն ուղարկվել է Բուլղարիա՝ պաշտպանելու Էգեյան ծովի բուլղարական ափը և Վառնայում ու Բուրգասում կայազորային գործողություն ծավալելու համար:

Երրորդ բանակը Կովկասյան պատերազմի առջևում է կանգնած, սկսած Սև ծովով, Ուրմիայի լճով մինչև Պարսկաստանի սահման: Այս բանակում պատերազմողների թիվը չի գերազանցում 150 հազարը և գործում է Մահմուդ Քեմալ փաշայի հրամանատարությամբ: Այս բանակը հնարավոր չէ բաժանել կորպուսների:  Նրա զորախմբերը գործում են քրդերի հետ միասին: Այս բանակի բազան համարվում է Էրզրումը:

Հայրենիք 1915/11/12 #221

Հայ պատգամավորների կախաղանը
Կոնստանդնուպոլսից տեղեկացնում են, որ Բուլղարիայի կառավարությունը Օսմանյան կայսրությանն է հանձնել «Դաշնակցության» 4 ազդեցիկ անդամների: Օսմանյան զինվորականները կոմիտեի անդամներին հանձնել են ռազմական դատարանին, որը որոշել է կախաղան բարձրացնել ձերբակալվածներին: Դատավճիռն արդեն իրագործել են:

Կոնստանդնուպոլսից վստահելի աղբյուրները տեղեկացնում են, որ Օսմանյան խորհրդարանի 8 հայ պատգամավորի են կախել: Շատ պատգամավորներ են մահացել բանտերում՝չդիմանալով անտանելի տանջանքներին:

Վրաստան 1915/11/13 #142

Հայերը Բուլղարիայում
Բուխարեստ
Սոֆիայից տեղեկացնում են. Բուլղարիայում գտնվող բոլոր հայերը զորակոչվել են բանակ: Օսմանյան կայսրությունից փախուստի դիմած 15 հայի փոխանցել են Օսմանյան կառավարությանը և, ամենայն հավանականությամբ, նրանց կախաղան են բարձրացրել: Մինչև 55 տարեկան բուլղարացիները հայերին ստիպում են խրամատ փորել:

Վրաստան 1915/11/13 #142

Հայերի կյանքը
Ռումինիայից հայկական թերթերին տեղեկացնում են. Օսմանյան կառավարությունը մտադիր է եղել Ստամբուլում բնակվող բոլոր հայերին արտաքսել: Ք. Կոնիայի վալի Ջեմալ Բեյին աշխատանքից ազատել են: Նրան մեղադրում են հայերին աջակցելու մեջ: Տրապիզոնի հայկական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Տուրինին ռազմական դատարանն ուղարկել է Էրզրում: Կարծում են` արքեպիսկոպոսին ճանապարհին սպանել են:

Հայերի դաժան կոտորածի վերաբերյալ սուլթանը հայտարարել է. «Ես ոչինչ չգիտեմ, այդ ամենը նախարարների գործն է»:

Այժմ վախի մթնոլորտ է նաև Պարսկաստանի հայերի մոտ: Օրական հազարավոր մարդիկ փախչում են դեպի Կովկասի սահման: Մեծ դժբախտության մեջ են նաև Կղարադաղի (Ղարաբաղի) հայերը:

Վրաստան 1915/11/17 #145

Հայերի կյանքը
Շվեյցարիայի կանտոններից Միացյալ Նահանգների նախագահին հեռագիր է ուղարկվել՝ խնդրելով ուշադրություն դարձնել Օսմանյան կայսրությունում ապրող հայերի դժվար իրավիճակին: Տատիանի անվան կոմիտեի ղեկավարի պաշտոնակատար Կամերգեր Նիկինինը և եպիսկոպոս Մեսրոպը մոտ օրերս կուղևորվեն Սանահին և Էջմիածին՝ տեղում ծանոթանալու փախստականների իրավիճակին: 
Իգդիրի շրջանում փախստականներին ասել են մնալ իրենց տեղերում, նրանց օգնություն կցուցաբերեն:

Հայերը Ֆրանսիայում.
Մարսելում «Հեթուն» թերթի գլխավորությամբ տեղի է ունեցել հայկական գաղութի ժողով, որտեղ խոսվել է օսմանյան հայերի վիճակի և փախստականներին օգնություն ցուցաբերելու մասին: Ժողովի ժամանակ որոշվել է ամեն տեսակ օգնություն ցուցաբերել Թբիլիսիի գլխավոր կոմիտեին, և եթե գումար հավաքվի, ապա կուղարկվի վերոնշյալ կոմիտեին:

Վրաստան 1915/11/24 #150

Օսմանյան հայերը
Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը շարունակվում է: Այս լուրը նույնիսկ գերմանացիների քնած խիղճն է արթնացրել: Ավետարանիչները ներկայացել են կանցլերի մոտ և ներում խնդրել: Կանցլերը խոստացել է. «հնարավոր ամեն ինչ կանեմ, որպեսզի օսմանյան հայերի վիճակը թեթևացնեմ»:

Հայրենիք 1915/11/25 #231

Օսմանյան ծրագիրը
Վերջին տեղեկությունների համաձայն` Աֆիոնի և Կարաիսարի շրջաններում գերմանացի սպաների գլխավորությամբ նոր զորք է հավաքվում:  Ինչպես վստահեցնում են որոշ հրատարակչություններ` նրանք մտադիր են արշավել Եգիպտոս: Օսմանյան կայսրության և Պարսկաստանի զինված քրդերը հավաքվում են Ուրմիայի մոտակայքում: Ինչպես երևում է` Էնվերի ծրագիրն այս դեպքում շատ խիստ է: Նա մտադրություն ունի 3 օրով արշավել դեպի Կովկաս` Ճորոխով, Սարիղամիշով և Ղարաքիլիսայով (Վանաձոր):

Հավաքածուն հրապարակվել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության կողմից և «Հայ-եվրոպական ֆեդերացիա հանուն արդարադատության և ժողովրդավարության» Վրաստանի գրասենյակի աջակցությամբ: Աշխատանքում տեղ են գտել հայոց ցեղասպանության մասին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի վրացական տարեգրության բաժնի նյութերը: Ծրագրի հիմնական նպատակն է` թեմայի շուրջ ծանոթացնել վրաց ընթերցողին խորհրդարանի արխիվային նյութերի հետ: Հավաքածուն պատրաստել են` Գևորգ Յագուտովը, Ռազմիկ Բադալյանը, Արթուր Միրզոյանը, Էդուարդ Սահակյանը, Ալեքսանդր 0հանյանը:

Թողնել պատասխան