Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը (տեսանյութ)

Սեպտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին:

Նախարարները գոհունակությամբ արձանագրեցին, որ վերջին տարիներին երկու հարևան ու բարեկամ երկրների հարաբերությունները զգալի զարգացում են ապրում: Այս համատեքստում երկուստեք կարևորվեց արտաքին գերատեսչությունների ներդրումը Հայաստանի ու Վրաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործում:

Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ կատարվեց միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցությանը, միջխորհրդարանական հարաբերություններին, առևտրատնտեսական կապերին, տրանսպորտային ենթակառուցվածքներին, համագործակցությանը էներգետիկայի, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Կարևորվեց հայ-վրացական իրավապայմանագրային դաշտի առավել ընդլայնումը:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև վիրահայությանը հուզող խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին:

Հայաստանի և Վրաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային ու միջազգային հրատապ մի շարք խնդիրների շուրջ:

Էդվարդ Նալբանդյանը Միխեիլ Ջանելիձեին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը։

Տեղեկատվությունը՝ Հայաստանի ԱԳՆ-ի էջից

Թողնել պատասխան