Հայաստան-Վրաստան առեւտրային հարաբերություններ՝ կողք-կողքի, թե հեռվում

Հայաստանի և Վրաստանի միջև առևտրի կրճատման միտումը շարունակվում է։ 2017 թ. առաջին եռամսյակի տվյալներով՝ Վրաստանից Հայաստան արտահանվող և ներկրվող ապրանքների ընդհանուր արժեքը 2016 թ. նույն հատվածի համեմատ նվազել է 3.48%-ով։ Վրացական Policy and Management Consulting Group (PMCG) կենտրոնը թեմային մի ամբողջ աշխատություն է նվիրել՝ պարզելով, որ այս միտումը թերևս առաջացել է  2013 թ., երբ Հայաստանը հայտարարեց Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցելու որոշման մասին։

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը թույլ է տալիս միության տարածքում ապրանքների ազատ շրջանառություն, ինչը նշանակում է, որ անդամ երկրների միջև փոխադարձ առևտրում ապրանքները ենթակա են ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) զրոյական դրույքաչափի կիրառման և ակցիզների վճարումից ազատման։ Այդպիսով, միության անդամ երկրների ապրանքների գները երրորդ երկրների, այդ թվում և Վրաստանի տնտեսավարողների նույն ապրանքների գների համեմատ ստանում են մրցակցային առավելություն: Դա, սակայն հակասում է Հայաստանի և Վրաստանի միջև ազատ առևտրի պայմանագրի հիմնական կետերին։ Նման եզրահանգման է եկել PMCG վերլուծական կենտրոնը՝ հրապարակած «Հայաստան-Վրաստան առևտրային հարաբերություններ՝ կողք-կողքի, թե հեռվում» զեկույցում:

«Սա մեծ ռիսկ է ստեղծում երկու հարևան երկրների միջև առևտրային կապերի համար, ինչն արդեն իսկ վառ արտահայտված է առևտրի կրճատման ցուցանիշներով։ Այսպիսով, եթե 2013 թ. Վրաստանից Հայաստան արտահանվող և ներկրվող ապրանքների ընդհանուր արժեքը կազմում էր շուրջ 494 մլն ԱՄՆ դոլար, 2016թ.-ին նույն ցուցանիշը նվազել է ավելի քան 34%-ով` հասնելով 367 մլն դոլարի»,- «Ալիք»-ի հետ զրույցում ասաց աշխատության հեղինակ Շուշանիկ Սաֆարյանը:

Հայաստանի և Վրաստանի միջև ազատ առևտրի պայմանագիրը պահպանելու և հետագայում առևտրի ծավալները բարձրացնելու նպատակով նա անհրաժեշտ է համարում ԵՏՄ-ում Հայաստանի ինտեգրման գործընթացում ներգրավել վրացական կողմին՝ կիսելով արտաքին առևտրին վերաբերող գործող օրենքներում ակնկալվող փոփոխությունների մասին տեղեկատվությունը։

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի վերաբերմունքը վրացական վերլուծական կենտրոնի տվյալների նկատմամբ, այնքան  էլ միանշանակ չէ. «Ես դա համարում եմ շատ ընդհանուր, ոչ ճշգրիտ»:

Ինչ վերաբերում է զեկույցի եզրահանգմանը, որ առևտրի կրճատման միտումն առաջացել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո, Մակարյանը նշում է, որ դա մի շարք այլ պատճառներ ունի.

«Վրաստանում, ըստ երևույթին, Եվրոպայի հետ կապված քաղաքական աստառ են ուզում տալ, բացի այդ, զեկույցը ներկայացնել նաև քաղաքական տեսանկյունից, երրորդ պատճառը Ռուսաստանի ճգնաժամի ազդեցությունն է ժողովրդի գնողունակության վրա, նաև Թուրքիայի հետ առևտրի նվազումը և  ապրանքների մի մասը վրացականի անվամբ վերաձևակերպելը»:

Երկու երկրների միջև  առևտրի ծավալները մեծացնելու համար նա անհրաժեշտ է համարում  նախ  սահմանին սկսել հայկական ու վրացական ծագման ապրանքների մոնիտորինգ:

Հատկանշական է, որ վերջերս Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հանդես է եկել երկու երկրների միջև աշխատանքային խումբ ստեղծելու նախաձեռնությամբ, որը կզբաղվի Վրաստանում հայկական, Հայաստանում՝ վրացական ձեռնարկությունների առջև ծառացած խնդիրների լուծմամբ։ Աշխատանքային խմբի ստեղծման ժամկետները, սակայն, դեռ հստակեցված չեն։

Թողնել պատասխան