Հայերին խորհուրդ էին տալիս բավարարվել Սև ծովի ափով` Լազիստանով

Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» գրքի հերթական` 19-րդ հատվածը: Այս մասում ներկայացնում ենք «Վրաստան» պարբերականում 1916 թվականի ապրիլ-մայիս ամիսներին հրապարակված հոդվածների հայերեն տարբերակները:

Վրաստան 1916/04/22 #89
Հայերը որոշել են հատուկ պատվիրակություններ ուղարկել դաշնակից պետությունների մայրաքաղաքներ՝ հայ ժողովրդին կարեկցանքի համար կառավարությունից շնորհակալություն հայտնելու նպատակով:

Վրաստան 1916/04/24 #90
Տրապիզոն

«Речь»-ի թղթակից Զդանևիչի խոսքերով, Տրապիզոնում մնացել է միայն 15 հազար հույն, օսմանցիները փախել են, իսկ հայերը` ամբողջությամբ կոտորվել: Հավաստի աղբյուրների համաձայն` Տրապիզոնի վիլայեթում հայությունն ամբողջովին ոչնչացվել է: Ժողովրդի հետ մեկտեղ, ոչնչացվել են նաև նրանց տները: Քաղաքը փրկվել է հողին հավասարվելուց: Խանութները և հյուրանոցները բաց են, սակայն ամեն ինչ չափազանց թանկ է:

Վրաստան 1916/04/24 #90
Նոր փախստականներ

Հայ բարեգործական միության կողմից ստացված տեղեկությունների համաձայն` Բաթումի են եկել փախստական` 7 չափահաս և 27 անչափահաս որբ հայեր:

Վրաստան 1916/05/3 #98
Աքսորվածների վերաբնակեցումը

Թբիլիսիում այժմ մոտ 2 հազար աքսորյալ, այդ թվում մոտ 1. 500 հայ կա։ Կառավարության հրամանով բոլոր փախստականներին մինչև մայիսի 10-ը պետք է ուղարկեն Երևանի նահանգ: Այժմ ապրիլ ամսվա համար գումար են բաժանում, յուրաքանչյուրին 4 մանեթ 50 կոպեկ:

Առատ նվիրատվություն.

Մահացել է թավադ Է.Ա. Բեգթաբեգովի դուստրը, ով իր ողջ ունեցվածքը և գումարը նվիրաբերել է Թբիլիսիի ինքնակառավարմանը: Նվիրատվությունն ընդհանուր առմամբ կազմել է 500 հազար մանեթ: Քաղաքն այս գումարով ամենաուշը 7 տարվա ընթացքում պետք է հիվանդանոցներ կառուցի Թբիլիսիի բոլոր բնակիչների համար` առանց ազգային խտրականության: Եթե քաղաքն այդ ժամանակահատվածում իրականացնել կատարել նվիրաբերողի պայմանները, ամբողջ ունեցվածքը և գումարը տրվելու է Հայկական բարեգործական միությանը:

Վրաստան 1916/05/8 #103
Կովկասում օսմանյան բանակի գլխավոր հրամանատար է նշանակվել գեներալ Էնվեր փաշան:

Վրաստան 1916/05/12 #105
Հեռագրեր

Հայկական համագումարին թերթերը ջերմորեն են արձագանքել: «Речь»-ը ափսոսանք է հայտնել, որ համագումարի ծրագիրը սահմանափակ է: «Бирж. вед.»-ը գրում է. Ռուսաստանի պարտականությունն է Հայաստանի վերքին դարման լինել։ «День»-ում Վոլովոզովը գրում է. Հայաստանի զոհերը գերազանցում են Բելգիայի և Սերբիայի կողմից նախասահմանված զոհերին: Վոլովոզովը հիշեցնում է հայերի հետապնդումների մասին: Համագումարը պետք է անդրադառնա քաղաքական հարցերին և հայ-վրացական հարաբերություններին: Քաղաքականության օգնությամբ սրացված հարաբերությունների պատճառով վրացիները կարեկցանքով չեն վերաբերում հայ փախստականներին ասելով. «Ձեզ համար նրանք միայն դժբախտ մարդիկ են, մեր հայրենիքում են բնակվում և խաթարում կայունությանը»: Թերթերը վստահ են, եթե վրացիների և հայերի միջև  հաշտեցումը հնարավոր լինի` ամեն ինչ լավ կլինի: 

Վրաստան 1916/05/13 #106

Հայերի համագումարը
Թբիլիսի, մայիսի 13
Պետրոգրադում մեկնարկել է հայերի համագումարը: Այս մասին Պետրոգրադի մեր թղթակիցը գրում է. հայերի համագումարին թագավորական թերթերը ջերմորեն են անդրադարձել: Թերթերը գրում են` Հայաստանի զոհերը գերազանցել են Բելգիայի և Սերբիայի կողմից կանխագուշակած զոհերի թվին և Ռուսաստանը պարտավոր է Հայաստանի վերքին դարման լինել: Ափսոսանք են հայտնում, որ հայերի համագումարի ընթացքում քննարկվող հարցերը սահմանափակ են: Կառավարության հրամանով համագումարը անդրադառնում է միայն փախստական հայերի հարցերին: Փախստականների հարցով հայերի միությունը, կառավարությունը և ընդհանուր ժողովուրդը մեծ հետաքրքրություն ունեն, սակայն միայն դա հաշվի առնելով հայերը համագումար չէին հրավիրի և եվրոպական պետություններից իրենց հայրենակիցներին և կարեկիցներին չէին հրավիրի: Համագումարն ավելի լայն նպատակներ է ունեցել` ցանկացել է բարձրացնել Հայկական հարցը:

Այս պատերազմի ընթացքում հայերի ճակատագրի մասին միայն հայերը չեն գրել, ռուսական և եվրոպական մամուլը և պատերազմող երկրների ներկայացուցիչները նույնպես մեծ ուշադրությամբ ուսումնասիրել են հայերի քաղաքական վիճակը: Բազմաթիվ ծրագրեր են գրվել ապագա Հայաստանի վերաբերյալ: Այդ ծրագրերը ներկայացվում էին թերթերում և օրենսդիր մարմիններում: Ապագա Հայաստանի պետական կառուցվածքը և սահմանները չեն հստակեցվել, չնայած նրան, որ Հայաստանի մասին հստակ գրում էին հայկական և ազատական թերթերի այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Միլյուկովը և այլոք: Շատերն այն կարծիքին են, թե ապագա Հայաստանը, որի կազմում կլինի Կովկասի, Օսմանյան կայսրության և Պարսկաստանի հայությունը, պետք է լինի ռուսական կայսրության կազմում` ինքնավար միավորի կարգավիճակով: Այլոք պահանջում են անկախ Հայաստան, որը Ռուսաստանից կունենա վասալական կախվածություն: Այս ծրագրում ապագա Հայաստանի սահմանները միանման չեն նշված:

Հայ հրապարակախոսները պահանջում են, որ ապագա Հայաստանը երկու ելք ունենա դեպի ծով` Ալեքսանդրապոլի նավահանգստով դեպի Միջերկրական և Լազիստանի ափով` դեպի Սև ծով: Անկասկած, այդ սահմաններում հայերը փոքրամասնություն կկազմեն, սակայն ծովափերը Հայաստանի տարածքում ներգրավելը բացատրում են նրանով, որ Հայաստանի համար երկու ծովն անհրաժեշտություն է: Հյուսիսային Հայաստանը պետք է հասնի Կովկասյան լեռնաշղթայի փեշերին: Ընդդիմախոսները չէին հրաժարվում ապագա Հայաստանի` երկու ծովերի անհրաժեշտությունից, սակայն վախենում էին, որ Հայաստանի սահմանները Միջերկրական ծովին հասցնելն անհամաձայնություն կառաջացներ ներգրավված այլ պետությունների միջև և Միլյուկովի բերանով հայերին  խորհուրդ էին տալիս բավարարվել Սև ծովի ափով` Լազիստանով: Այսպես, հայ քաղաքական միտքն ու հայերի ընկերների կարծիքներն ապագա Հայաստանի պետականության շրջանակների և կառուցվածքի վերաբերյալ չէին համընկնում: Պետրոգրադում հրավիրված համագումարը կարողացել է հստակեցնել այս հարցերը և թեմայով հետաքրքրված միության միջոցով հնարավորություն կունենան գործ ունենալ հայկական մեկ ծրագրի հետ: Ցավալի է, որ կառավարությունը համագումարի աշխատանքը փախստականների հարցերով է սահմանափակել և հնարավորություն չի տվել հստակ ձևաչափով հայտնել հայերի նկրտումները:

Պարզվում է Վոլովոզովը «Биревия ведомости»-ում առաջարկում է համագումարին` փախստականների հարցը կապել հայ-վրացական տարաձայնությունների հետ: «Քաղաքական պատճառներով սրված հարաբերությունների արդյունքում վրացիները կարեկցանքով չեն վերաբերում հայ փախստականներին»,- Վոդովոզովի խոսքերն է փոխանցում մեր թղթակիցը: Թե ի՞նչն է վրացիների նմանատիպ վերաբերմունքի պատճառը, հարգարժան հեղինակը դրա մասին ոչինչ չի ասում: Ցանկալի կլիներ, որպեսզի հայկական համագումարը քննարկում կազմակերպեր վրաց-հայկական այս տարաձայնության մասին: Կարելի է համոզված ասել, որ հարցի վերաբերյալ ռոմանտիկ հայերի և նրանց ընկերների, Միլյուկով-Վոդովոզովների դատողությունները նույնքան հիմնավորված են և անհասանելի կլինեն, ինչպես տարբերի հարցերի վերաբերյալ եղել է մինչ օրս:

Վրաստան 1916/05/21 #112
Հայերի համագումարը
Պետրոգրադ, մայիսի 11

Համագումարի աշխատանքային խմբերի գործունեությունը սկսվել է երեկ երեկոյան և շարունակվում է այսօր: Ամբողջ աշխատանքը տեղի է ունենում հայերենով և միայն որոշ մարդիկ են խոսում ռուսերեն, այն էլ հայերենի չիմացության պատճառով:
Գյուղատնտեսական բաժին
Տնտեսական և գյուղատնտեսական բաժինների միացյալ նիստին 2 զեկույց է ընթերցվել` Երևանից պատվիրակ Սոգոմոնյանցի և Վանից պատվիրակ Տերջիբաշյանցի կողմից: Զեկույցները վերաբերել են Ռուսաստանի կողմից գրավված տարածքներում հայերի տնտեսական կյանքի վերածննդին: Առաջին զեկույցում քննարկվել է հայերի գյուղատնտեսական արտադրությունը, երկրորդում` առևտուրն ու արդյունաբերությունը:

Զեկուցողները սարսափելի գույներով են ներկայացրել աքսորվածների կյանքի պայմանները, որի բարելավումը, զեկուցողների կարծիքով, Ռուսաստանի կառավարության և հայ հասարակական հաստատությունների պարտքն է: Նրանց պնդմամբ` 200 հազար աքսորված հայ գյուղացի սփռված է Անդրկովկասում, Ղարսի նահանգում, Երևանի և Գյանջայի գուբերնիաներում, ովքեր օգնության են սպասում: Անհապաղ օգնություն է անհրաժեշտ, հարկավոր է նրանց հայրենիքը վերականգնելու հնարավորություն ստեղծել: Զեկույցների համաձայն` օգնելու համար յուրաքանչյուր անձին պետք է 150 մանեթից ոչ պակաս, ինչը` աքսորվածների ընդհանուր թվաքանակի համաձայն, կազմում է 30 մլն. մանեթ: Գլխավոր կոմիտեի հետ անհրաժեշտ է ստեղծել գյուղատնտեսության բաժին:

Ցանկություն են հայտնել նաեւ կոոպերատիվներ և օժանդակող այլ միություններ ստեղծել, որպեսզի աքսորվածներին սերմնացու տրվի: Ժողովն անհրաժեշտ է համարել մեծածավալ օգնություն տրամադրել նաև առևտրականներին և խոշոր հողատերերին, ովքեր տուժել են պատերազմից: Վարկ վերցնելու հարցում նրանք որևէ արգելք չպիտի ունենան:

Վրաստան 1916/05/22 #113
Հայերի համագումարը
Օր երրորդ

Ժողովը շարունակվում է հայերենով, ուստի օտարերկրյա թերթերի ներկայացուցիչներս անհարմար վիճակում ենք: Ժողովի ընթացքում արտահայտված փոքրամասնության և մեծամասնության կարծիքները գրեթե նույնական են: Որոշները պնդում են, որ կոմիտեն պետք է լիներ կամ Թբիլիսիում կամ Արզրում-Էջմիածնում, որպեսզի մոտ լինեն գործին և տուժածներին անհապաղ օգնություն ցուցաբերեն: Պետրոգրադի աջակիցներն իրենց հերթին ասում են, որ Կովկասի հայության մեջ նոր ուժեր այլևս չկան, իսկ հներից բոլորը գործի մեջ են: Պետրոգրադի, Մոսկվայի, Ռոստովի և Ռուսաստանի այլ քաղաքներում գտնվող հայերը բավարար չափով ներառված չեն և պետք է «մոբիլիզացվեն»: Իսկ ամենագլխավոր նպատակը, ինչ խոսք, այն է, որ Պետրոգրադի կոմիտեն սատար կանգնի կառավարությանը` այս կերպ աջակցելով հայերի միջնորդությունը:

Հատկանշական է, որ Պետրոգրադի աջակիցների թվում են նաև օսմանյան հայեր: Այս հարցն այնքան բարդ է եղել, որ նույնիսկ ընդհանուր ժողովը մեկ եզրահանգում անել չկարողացավ: Ժողովը լարված մթնոլորտում էր անցնում: Այն պետք է ավարտվեր այսօր, սակայն միջնորդություն են հայտնել, որ ևս երկու օր շարունակվի: Կառավարության թույլտվությունը դեռեւս չի ստացվել և ժողովն անհամբեր սպասում է դրան: Պապաջանովն ուրախությամբ տեղեկացնում է հավաքվածներին, որ կառավարությունը բավարարել է իրենց խնդրանքը` թույլատրելով ևս մեկ օր շարունակել աշխատանքները, ինչը որոշ մասնակիցներին դուր չի եկել, քանի որ վերջինները 2 լրացուցիչ օր էին ակնկալում: Ժողովը անդրադառնում է նոր հարցերի, լսում խմբերի աշխատանքի արդյունքները: Ուշադրության է արժանի այն մասը, որտեղ խոսում են հայ գերիների մասին:

Չալխուշյանի և այլոց հրապարակած տեղեկություններից պարզ է դառնում, որ հայ գերիների վիճակը Ռուսաստանում ավելի վատ է քան գերմանացիների ու օսմանցիներինը: Օսմանյան կայսրությունում նրանց համարում են ռուսահպատակ և տանջում են: Ռուսաստանում՝ թուրքահպատակներ և դավաճաններ, և ով գիտի` ի՞նչ կերպ են վերաբերում նրանց: Ժողովը միաձայն աջակցում է զեկուցողներին և անհրաժեշտություն է համարում լրացուցիչ տեղեկություններ ստանալ նրանց վիճակի մասին, իսկ անհրաժեշտ քայլեր կատարելը հանձնարարվել է ժողովի կենտրոնական հանձնաժողովին: Ժողովը հանձնարարում է հատուկ հանձնաժողովին մանրամասնորեն պարզել օսմանցիների դաժան վերաբերմունքը հայերի նկատմամբ և հիմնավորված տեղեկություններ ներկայացնել սենատոր Կրիվծովի ղեկավարության տակ գտնվող հանձնաժողովին:

Բաժնի կողմից առաջ քաշված աքսորված վաճառականների և տնտեսվարողների օգնության մասին հարցը ժողովն ընդունել է միաձայն: Վեճի առիթ չի դարձել նաև 27-30 միլիոն մանեթը, որը կառավարությունը պետք է հատկացնի աքսորվածներին ետ վերադարձնելու համար: Նույն Չալխուշյանի կողմից մեկ հարց է առաջ քաշվել, ով կոչ է արել` դիմել հնարավոր բոլոր միջոցներին` աքսորվածների կողմից թողնված հողերի իրավունքների հարցը պարզվելու նպատակով:

Հավաքածուն հրապարակվել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության կողմից և «Հայ-եվրոպական ֆեդերացիա հանուն արդարադատության և ժողովրդավարության» Վրաստանի գրասենյակի աջակցությամբ: Աշխատանքում տեղ են գտել հայոց ցեղասպանության մասին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի վրացական տարեգրության բաժնի նյութերը: Ծրագրի հիմնական նպատակն է` թեմայի շուրջ ծանոթացնել վրաց ընթերցողին խորհրդարանի արխիվային նյութերի հետ: Հավաքածուն պատրաստել են` Գևորգ Յագուտովը, Ռազմիկ Բադալյանը, Արթուր Միրզոյանը, Էդուարդ Սահակյանը, Ալեքսանդր 0հանյանը:

Թողնել պատասխան