Իվերիա․ Հայաստանի վրացական համայնքը

Հայաստանում վրացական համայնքն այսօր գրեթե բոլոր հնարավորություններն ունի պահպանել  լեզուն, մշակույթն ու ազգային ավանդույթները։

Վրաստանի Սփյուռքի նախարարության տվյալներով՝  երկրի սահմաններից դուրս ավելի քան 1,5 մլն  վրացի է ապրում: Նշված տեղեկատվությունը, սակայն, ճշգրիտ  չէ, քանի որ քաղաքացիների մեծ մասը տեղի հյուպատոսարաններում չի հաշվառվել:

Ֆինլանդիայի, Նորվեգիայի և Դանիայի կողքին փոքր համայնքով աչքի է ընկնում Հայաստանի վրացական համայնքը, որը համախմբված է «Իվերիա» միության շուրջ:

1Բրիտանական The Financial Times պարբերականի հետազոտության (2017թ․) համաձայն՝ 1990թ․ Հայաստանում  Վրաստանի քաղաքացիների թիվը հասնում էր 1646-ի: 2015թ․ այդ թիվը կտրուկ աճել է՝ անցնելով  40 հազարի շեմը: Նույն վիճակագրության տվյալներով՝  նրանց մի զգալի մասը Վրաստանում ծնված էթնիկ հայեր են:

«Ալիք» մեդիան այցելել է Հայաստանի մայրաքաղաքում 1997 թ․ բացված «Իվերիա» վրացական համայնք կազմակերպություն, որտեղ համայնքի ներկայացուցիչներն ամեն կիրակի ներկա են լինում վրացերեն լեզվի դասընթացներին,  սովորում վրացական երգեր ու պարեր։

2Համայնք հիմնականում հաճախում են երիտասարդները: Նրանցից Լուսինե Զակալաշվիլին աչքի է ընկնում  հայաստանյան քաղաքական կյանքում  իր ակտիվ մասնակցությամբ։ Նա «Ազատ դեմոկտարներ» կուսակցության անդամ է, 2017 թ․ ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին առաջադրել էր իր թեկնածությունը:

3«Ալիք» մեդիայի հարցին, թե ինչպիսի զգացումներ ունի, երբ մոնոէթնիկ Հայաստանում վրացական ազգանուն է կրում, Լուսինեն պատասխանում է. «Ես նկատել եմ, որ մարդիկ զարմանում և ուրախանում  են  վրացական ազգանունս լսելով։Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ մոտ 30 մարդ հետս վրացերեն է խոսել»:

Լուսինեն պատմում է, որ Վրաստանում ապրող բարեկամներից զատ կապ է պաշտպանում, համագործակցում հասարակական մի շարք կազմակերպությունների հետ:

«Իվերիա»-ի հիմնադիրն ու առաջին ղեկավարը եղել է ակադեմիկոս Թինա Ասաթիանին, ում 2005 թվականին փոխարինել է լեզվաբան Սվետլանա Նամչևաձեն: Վերջինս  է կազմել Հայաստանում ապրող տարբեր փոքրամասնությունների  արձակ և չափածո ստեղծագործությունների «Ալմանախ» բազմալեզու ժողովածուն։ Նամչևաձեն նշում է, որ Հայաստանի վրացական համայնքը ակտիվ է եղել նույնիսկ ցուրտ ու մութ տարիներին։

4«Սպիտակի երկրաշարժի օրերին Վրաստանից շատերն էին Կարմիր խաչի միջոցով Հայաստան օգնություն հասցնում։ Մենք ևս այդ օրերին  համախմբվեցինք՝  ամեն շաբաթ-կիրակի աղետի գոտի էինք հասցնում այն ամենը, ինչի կարիքն այնտեղ զգացվում էր»:

Այդ դժվարին տարիներին համայնքը ևս բազմաթիվ խնդիրներ ուներ։ Նամչևաձեն հիշում է․ «Այդ տարիներին որոշ ժամանակ, երբ շենք չունեինք,  հավաքվում էինք Հայաստանում Վրաստանի դեսպանատանը։ Այդ ժամանակ էր, որ դեսպան Նիկոլոզ Նիկոլոզիշվիլին համայնքին դաշնամուր  նվիրեց»։

Երկար դեգերումներից հետո, «Իվերիա»-ն  վերջնակապես հաստատվել է Երևանում ազգային փոքրամասնությունների համար նախատեսված շենքում։

5«Բազմաթիվ քաղաքացիներ են այստեղ վրացերեն սովորել: Իհարկե, մեզ շատ է օգնում Հայաստանի կառավարությունը՝  տրամադրելով որոշակի ֆինանսական աջակցություն։ Բացի այդ, 10 միլիոն դրամ է տրվում տարաբնույթ միջոցառումների իրականացման համար», — ասում է Սվետլանա Նամչևաձեն՝ հավելով, որ «Իվերիա»-ն  2004 թ․-ից  նաև  վրացալեզու ամսաթերթ է հրատարակում:

Առաջին չորս տարիներին համանուն թերթը հրատարակվել  է կազմակերպության միջոցներով, իսկ այսօր տպագրման ծախսերը հոգում է Հայաստանի Մշակույթի նախարարությունը:

«Համայնքի անդամները հիմնականում վրացի կանայք են, ովքեր ամուսնացել են Հայաստանում։  Նրանք կենտրոն են հաճախում, մեզ հետ կապը պահպանում»,-պատմում է կենտրոնի ղեկավարը:

Նրա խոսքով՝ այսօր կազմակերպության տվյալների բազայում շուրջ 200 էթնիկ վրացիներ կան։ Նրանցից, սակայն,  ոչ բոլորն են ակտիվ:

«Նրանք, ովքեր հաճախ են այցելում կենտրոն, առավել մեծ հետաքրքրություն են ցուցաբերում վրաց լեզվի, մշակույթի ու ազգային ավանդույթների նկատմամբ: Մեր կենտրոնն անում է ամեն ինչ, որպեսզի հարևան երկու երկրները՝ Հայաստանն ու Վրաստանը, պահպանեն ամուր կապը»,-ասաց կենտրոնի ղեկավարը՝ հավելելով նաև, որ նպատակ  ունեն երկու երկրների երիտասարդներին միմյանց նկատմամբ բարիդրացիաբար  տրամադրել:

«Ալիքի» հարցին՝ արդյոք երկու երկրների հասարակությունների միջև խնդիրներ կան, տիկին Սվետլանան պատասխանեց․«Անշուշտ, խնդիրներ կան․․․լինում են դեպքեր, երբ ոմանք փորձում են ստվեր գցել մեր հարաբերությունների վրա։ Դա միշտ էլ եղել է, բայց մենք այն հաղթահարում ենք»:

Թողնել պատասխան