«Հայ գյուղացին ու վրաց ոստիկանը». Գումբուրդոյի միջադեպն ու մեդիայի արձագանքը

Այսօր Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած միջադեպը շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ ինչպես հայկական, այնպես էլ վրացական մամուլում, իսկ սոցիալական ցանցերում չեն դադարում քննարկումները։

Հիշեցնենք՝ այսօր Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի բնակիչները փորձել են խաչքար տեղադրել եղբայրական գերեզմանատանը, որտեղ ամփոփվել են 10-րդ դարի եկեղեցու վերանորոգման աշխատանքների ժամանակ հայտնաբերված ոսկորները, սակայն նախ ներքին գործերի նախարարության անվտանգության ծառայության ներկայացուցիչները չեն թույլատրել բնակիչներին տարածք մուտք գործել, այնուհետև բնակիչների ու ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել:

Միջադեպի հետքերով ժամանել են հատուկ ջոկատայիններ: Իրավապահների և տեղացիների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորվել են ինչպես գյուղացիներ, այնպես էլ ոստիկաններ: Ըստ ՆԳՆ հայտարարության՝ վնասվել է նաև նախարարության ենթակայության տակ գտնվող մի քանի մեքենա: Ձերբակալվել և ավելի ուշ ազատ են արձակվել երկու անձինք: Դեպքի վայր է ժամանել նաև ՆԳ նախարար Գիորգի Մղեբրիշվիլին: Տեղում են եղել նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանն ու «Վրաց հայրենասերների դաշինք»-ից Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Սամվել Պետրոսյանը:

Նախարարը բանակցություններ է վարել, որից հետո հայտարարվել է, թե խաչքարի տեղադրման հարցը պետք է լուծվի հոգևորականների մասնակցությամբ:

Ավելի ուշ, եկեղեցու տարածք է մեկնել նաև Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության գործակալության ղեկավար Նիկոլոզ Անթիձեն: Նրա խոսքով, անհասկանալի է, թե ինչու է այսօր նման իրավիճակ ստեղծվել, քանի որ նորոգման աշխատանքները երկու տարի շարունակ ընթացել են առանց խնդիրների:

«Կարծում եմ աշխատանքները կշարունակվեն առանց որևէ խնդրի»,- հավելել է Անթիձեն:

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, հայ-վրացական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հեռախոսազրույց է ունեցել վրաստանցի գործընկերոջ հետ՝ իր անհանգստությունը հայտնելով ստեղծված իրավիճակի առիթով: Շարմազանովը հույս է հայտնել, որ իրավիճակը կկարգավորվի հնարավորինս սեղմ ժամկետներում:

Թեման լայն քննարկումների առիթ է դարձել նաև սոցիալական ցանցերում: Մասնավորապես՝ «Ռուսթավի 2», Tabula և Interpressnews լրատվականների ֆեյսբուքյան պաշտոնական էջերում տեղադրված նյութերի մեկնաբանություններում տեղ են գտել այնպիսիններ, որոնք կարող են դասվել ազգային հողի վրա ատելություն հրահրող հայտարարությունների շարքին (մեկնաբանություններում տեղ գտած հայհոյանքների պատճառով զերծ ենք մնում օրինակներ նշելուց): Միևնույն ժամանակ, նույնը կարծես, նկատվում է նաև հայաստանյան սոցտարածքում, գրեթե նույն բովանդակությամբ (Tert.am):

Հատկանշական է, որ ինչպես վրաստանյան, այնպես էլ հայաստանյան լրատվամիջոցները իրադարձությունը լուսաբանելիս նշում են, թե միջադեպը տեղի է ունեցել հայ գյուղացիների և վրաց ոստիկանների միջև, («Էթնիկ հայերի առճակատումը վրաց ոստիկանների հետ» , «Գումբուրդոյի հայ բնակչության և ոստիկանության միջև միջադեպ է տեղի ունեցել», «Ջավախքում բախումներ են տեղի ունեցել հայերի և ոստիկանների միջև» և այլն) մինչդեռ տեղում աշխատող Jnews  լրատվականի լրագրող Աղունիկ Այվազյանը նշում է, որ երկու կողմից էլ եղել են և՛ վրացիներ, և՛ հայեր:

Թողնել պատասխան