Հանդիպում Բաթումի և Լազեթի թեմի միտրոպոլիտի հետ

2017 թվականի նոյեմբերի 11-ին, Բաթումի և Լազեթի, Հյուսիսային Ամերիկայի և Կանադայի միտրոպոլիտ Դիմիտրի Շիոլաշվիլին Բաթումիի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում հյուրընկալել է Վիրահայոց թեմի Սուրբ Փրկիչ եկեղեցու, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանին:

Գերաշնորհ Դիմիտրի միտրոպոլիտը ողջունելով Վիրահայոց թեմի հոգևոր ծառայողին, պատմել է Բաթումի և Լազեթի թեմի գործունեության մասին: Մետրոպոլիտը անդրադարձել է եկեղեցիների, մանկապարտեզների, ծերանոցների կառուցման, սոցիալական խնդիրների կարգավորման, ժողովրդին եկեղեցուն մերձեցնելու հարցերին:

Արժանապատիվ Տեր Արարատը փոխանցել է Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ողջույնը և եղբայրական սերը:

Տեր Արարատը միտրոպոլիտի հետ խոսել է նաև Բաթումիում հայկական դպրոցի բացակայության փաստի շուրջ: Նա հավելել է, որ ինքը դիմել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության կրթության նախարարությանը Բաթումիում հայկական դպրոցը վերաբացելու հարցով, որտեղ ուսումնառությունը կընթանա Վրաստանի կրթության ազգային ծրագրով:

Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվը միտրոպոլիտին հրավիրել է մասնակցելու եկեղեցում և կենտրոնում կազմակերպվող տոնակատարություններին:

Դիմիտրի միտրոպոլիտը բարձր է գնահատել Հայոց եկեղեցու հոգևոր ծառայողի այցելությունը Բաթումիի և Լազեթի թեմի առաջնորդին, իր ողջույնն ու բարեմաղթանքն էփոխանցել Վիրահայոց թեմի առաջնորդին և իր հերթին տեղի հոգևոր հովվին հրավիրելով մասնակցելու թեմում կազմակերպվող տարբեր միջոցառումներին:

Տեղեկացնում է Հայ Առաքելական Ուղղափառ Եկեղեցու Վիրահայոց թեմը:

Թողնել պատասխան