Հանրային քննարկումներ տեղեկատվական միջավայրի խնդիրների վերաբերյալ

Ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններում տեղեկատվական միջավայրի հետ կապված խնդիրները Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի օրակարգում են: Տեղեկատվական միջավայրի խնդիրների վերաբերյալ` հունվարի 27-ին Թբիլիսիում հանրային քննարկումներ էին կազմակերպվել:

Հանդիպման նախաձեռնող, Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին նշեց, որ տեղեկատվական միջավայրի բարելավումը խթան կհանդիսանա, փոքրամասնության ինտեգրման երկարաժամկետ գործընթացում:

Վրաստանի Օմբուդսմենի գրասենյակի` էթնիկ փոքրամասնությունների խորհրդի համակարգող Կոբա Չոփլիանին նշեց, որ քաղաքացիական ինտեգրման տեսանկյունից տեղեկատվական միջավայրի բարելավումը կարևորագույն առաջնահերթություններից է.

«Խնդիր է ոչ միայն էթնիկ փոքրամասնությունների տեղեկացվածության ցածր մակարդակը երկրի մասին, այլեւ մեծամասնության տեղեկացվածության մակարդակը շրջաններում տեղի ունեցող իրադարձություների վերաբերյալ: Իհարկե, կան գործող որոշ հեռուստածրագրեր և այլ տեղեկատվական միջոցներ` այնուամենայնիվ խնդիրը հաղթահարված համարել չի կարելի»:

Միջոցառմանը ընդգծվեց էթնիկ փոքրամասնությունների կողմից վրացերեն լեզվին չտիրապետելու խնդիրը, ոչ վրացական աղբյուրներից օգտվելու փաստը, փոքրամասնությունների կողմից ցուցաբերած հետաքրքրության պակասը և այլ խնդիրներ: Մեզ հետ զրույցում հանդիպումը մեկնաբանեց Ջավախքում գործող «Jnews» հայկական լրատվականի խմբագիր Ռիմա Ղարիբյանը.

«Ցավոք համեմատաբար ավելի քիչ են պետության ներկայացուցիչները: Այնուամենայնիվ պետք է նշել, որ սա էլ մեծ գործ է, քանի որ միայն քննարկելով կարելի է գտնել խնդիրների լուծման ճանապարհները: Ուրախալի է, որ որոշ խնդիրներ արդեն իսկ լուծում են ստացել: Ինչ վերաբերվում է խնդիրների յուրահատկություններին` հարկ է նշել, որ բնույթով չեն տարբերվում հայերի և ադրբեջանցիների խնդիրները, սակայն հատկանշական է, որ մոտ լինելով մայրաքաղաքին՝ Մառնեուլիի շրջանի բնակչության մոտ ավելի հեշտ է իրականացվում ինտեգրման գործընթացը»:

Հրավիրյալների շարքում էր նաեւ «Քաղաքացիական ինտեգրացիա» հիմնադրամի գործադիր տնօրեն, ազգությամբ ադրբեջանցի Զաուր Խալիլովը.

«Այսօրվա հանդիպումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ վրացական մամուլում էթիկ փորքրամասնությունները ներկայացված չեն այն չափաբաժինով, որքանով որ պահանջարկ կա: Ուրախալի փաստ է առցանց տեղեկատվական աղբյուրների զարգացումը էթնիկ փոքրամասնությունների շրջանում, չնայած այստեղ էլ առաջանում են անաչառության, մասնագիտության և կայունության պահպանման խնդիրներ: Ինչպես գիտեք հաճախ մամուլի միջոցները շահույթ չհետապնդող կազմակերպություններ են, ինչը հարցականի տակ է դնում նրանց երկարակյացությունը:»

Նշենք նաեւ, Եվրամիության ֆինանսավորմամբ «Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աջակցություն 2» նախագծի շրջանակներում, Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի` տարբեր արդիական թեմաների շուրջ հանրային քննարկումներ կազմակերպելը ամենամսյա բնույթ ունեն:

Թողնել պատասխան