Հուլիսի 27-ի վրաստանյան մամուլի տեսություն

Հուլիսի 27-ին վրաստանյան  մամուլի գրեթե բոլոր միջոցները  լուսաբանեցին   վարչապետի հետ կառավարության անդամների հանդիպումը:  «Kvira.ge»-ն  տեղեկացնում է, որ հանդիպմանը ներկա են եղել ներքին գործերի, արդարադատության, արտաքին գործերի, կրթության և մշակույթի նախարարները:  Հանդիպմանը մասնակցել է նաև Ազգային անվտանգության ծառայության պետ Վախտանգ Գոմելաուրին: Վարչապետի հետ ունեցած հանդիպումից հետո կառավարության անդամները մեկնաբանություններ չեն արել, իսկ կառավարության աշխատակազմից լրատվամիջոցներին տեղեկացրել են, որ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում: Հուլիսի 28-ին նախատեսված է Կառավարության նիստ:

Լրատվամիջոցները շարունակում են անդրադառնալ նաև Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի փեսա Մինդիա Գոգոճուրային առընչվող գործին: «Interpressnews»-ի փոխանցմամբ,  Գոգոճուրան այսօր լքել է դատախազության շենքը` առանց  որևէ մեկնաբանության: Հարցաքննությունը տևել է 4 ժամ: Գոգոճուրան դատախազությունում է եղել փաստաբան Սոսո Բարաթաշվիլիի հետ: Վերջինս հայտարարել է, որ իրավապահների  կողմից Գոգոճուրայի նկատմամբ եղել են օրենքի խախտումներ:

«News.ge» պարբերականը իր հերթին հրապարակեց Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Շալվա Խուցիշվիլիի՝ նախագահի փեսայի գործին վերաբերող մեկնաբանությունը:  Խուցիշվիլիի խոսքով`  Մինդիա Գոգոճուրայի նկատմամբ  իրավապահներն ընդամենն  ընթացակարգային քայլեր են  իրականացրել:
«Նախագահի հայտարարության վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել: Ոստիկանությունը օրական նման 10 գործողություն է իրականացանում: Սա հատուկ գործողություն չէ, նորմալ գործընթաց է, ոստիկանությանը բնորոշ»,— հայտարարել է Խուցիշվիլին:

«Netgazeti.ge»-ն գրում է, որ ՆԳՆ-ին  կից  պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալությունը խոշոր չափերի կաշառք  վերցնելու մեղադրանքով ձերբակալել է Թբիլիսիի քաղաքապետարանի անվտանգության գործակալության   փոխտնօրեն  Դավիթ Մեկղանծիշվիլիին:  Հայտարարության համաձայն`  հետաքննությունը պարզել է, որ Մեկղանծիշվիլին Թբիլիսիում 8271 քառակուսի մետր հողատարածք աճուրդի հանելու գործընթացը արագացնելու նպատակով`  օտարերկրյա գործարարից պահանջել է 50 հազար  լարի:  Նշվում է, որ 10 հազար լարին նա պահանջել է նախապես` մինչ  գործը սկսելը: Հետաքննությունն ընթանում է խոշոր չափերի կաշառք վերցնելու  մեղադրանքով` Վրաստանի ՔՕ-ի 338-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, ինչ նախատեսում է 11-15 տարի ազատազրկում: Հետաքննությունը իրականացվում է Վրաստանի ազգային անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության կողմից:

Աբխազիայի խորհրդարանը   գլխավոր դատախազ  Ալեքսի Լոմիային ազատել է աշխատանքից: «Interpressnews»-ը անդրադառնալով թեմային,  գրում է, որ   «խամաճիկային  ռեժիմի առաջնորդը դե ֆակտո խորհրդարանին հուլիսի 26-ին ներկայացրել է Լոմիայի    հրաժարականը:  Դե ֆակտո խորհրդարանի այսպես կոչված խոսնակ Վալերի Բգանբայի հայտարարության համաձայն, Լոմիան անձամբ է գրել իր հրաժարականի դիմումը, իսկ նախագահը միայն ներկայացրել է այն»,-այսպես է եզրափակում «Interpressnews»-ը:

Թողնել պատասխան