Հուլիսի 28-ի վրաստանյան մամուլի տեսություն

Հուլիսի 28-ին, վրաստանյան մամուլում շարունակվում են լուրեր շրջանառվել Պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի պաշտոնից հեռանալու վերաբերյալ: «Այսօր, օրվա երկրորդ կեսին, Թինա Խիդաշելին հրաժարականի դիմում է ներկայացրել Վրաստանի վարչապետի կողմից ընդունված քաղաքական որոշման համապատասխան»՝ «Netgazeti.ge»-ին տեղեկացրել են Վրաստանի Պաշտպանության նախարարությունից: Ըստ տարածված տեղեկատվության, ինքը՝ Պաշտպանության նախարարը հրաժարականի դիմում չի ներկայացրել: Ավելի ուշ` «Frontnews» պարբերականը տեղեկացրեց, որ Վրաստանի վարչապետ Գիոգրի Կվիրիկաշվիլին հաստատել է Պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի և Հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախարար Պաատա Զաքարեիշվիլիի պաշտոնից ազատվելու վերաբերյալ դիմում ներկայացնելու մասին լուրը: Տեղեկատվությունը տարածել է Վրաստանի կառավարության աշխատակազմը: Նոր նախարարների անունները կհայտարարվի մոտ ապագայում:

Լրատվամիջոցները շարունակում են լուսաբանել նաև Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի փեսայի դեմ ընթացող քրեական գործի շուրջ հնչող մեկնաբանություններին: Մասնավորապես «Ռուսթավի 2» հեռուստաալիքը տեղեկացնում է, որ նախագահի խորհրդական Կախա Կոժորիձեն անդրադարձել է Մինդի Գոգոճուրիի և նրա ընկերների դատախազությունում հարցաքննվելու փաստին: Կոժորիձեն ներքին գործերի նախարարությանը մեղադրում է օրենքի խախտման մեջ: «Անձնական տվյալների վերաբերյալ օրենքի խախտում է տեղի ունեցել, երբ նախարարությունը հայտարարեց, որ Մինդիա Գոգոճուրին նախկինում 3 անգամ դատապարտված է եղել: Նախարարությունը այս մասին ասելու իրավունք չուներ: Մինդիան, արդեն 3 օր է, ինչ դիմել է ՆԳՆ-ին, որպեսզի նրան տրվի ձերբակալելու վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ: Նա գումար է վճարել՝ վկայականը արագ ստանալու համար: Մեկ ժամում պետք է ստանար, սակայն մինչ օրս ծանուցագիրը չի ստացել»,- հայտարարել է Կոժորիձեն:

«Սոցիալիստական Վրաստան» ժողովրդական շարժման Աջարիայի կազմակերպության հիմնադիր համագումարի ժամանակ ռուսական զորքերի վերադարձ են պահանջել: «News.ge»-ի փոխանցմամբ՝ համագումարը տեղի է ունեցել հուլիսի 27-ին: Այն սկսվել է Խորհրդային միության օրհներգով: Համագումարին խոսքով հանդես են եկել մի քանի երիտասարդ, ովքեր պիոներական փողկապներ են ունեցել: Ռուսական զորքի վերադարձը Վրաստան պահանջել է կուսակցության ղեկավար Վալերի Կվարացխելիան: Նա նաև հայտարարել է, որ Վրաստանը պետք է հրաժարվի Եվրամիության և ՆԱՏՕ-ին աինտեգրվելու գործընթացից, իսկ ռուսական ռազմական բազան, որը նախկինում գտնվել է Բաթումիում, պետք է վերականգնվի: Համագումարին ներկա է եղել Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Սիմագինը, ով ասել է, թե Աբխազիան և Սամաչաբլոն բռնագրավված չեն, այլեւ` «Ամերիկյան կրունկի տակից են ազատվել»: Սիմագինը Պետդումայում ներկայացնում է Ռուսաստանի կոմունիստակակն կուսակցությունը: «Աբխազները և օսերը Վրացիներից չեն փախել: Նրանք ազատվել են Ամերիկայից: Մեր նախագահ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Աբխազիայի, Հարավային Օսիայի և Վրաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել: Մենք նման խնդիր ունեցել ենք Ռուսաստանում, երբ Ռուսաստանը փաստացի չէր վերահսկում Չեչնիան: Երկու տարի շարունակ Չեչնիան եղել է դե ֆակտո անկախ պետություն, սակայն Ռուսաստանի նախագահի և Չեչնիայի կառավարության իմաստնության շնորհիվ նստել են բանակցային սեղանի շուրջ: Կարծում եմ, որ նաև այս դեպքում պետք է ձեռնարկվեն նման միջոցներ: Նախագահ Պուտինը բազմիցս հայտարարել է, որ մենք պատրաստ ենք բանակցությունների»,- հայտարարել է Սիմագինը:

Ուշագրավ է, որ վերջին օրերին վրաստանյան լրատվամիջոցները գրեթե չեն լուսաբանում Երևանում տեղի ունեցող իրադարձությունները: Բացառությամբ «Ռուսթավի 2»-ի, որը կարճ հաղորդագրություն էր տարածել առայն, որ հուլիսի 27-ի երեկոյան Հայաստանի մայրաքաղաքում ազատ է արձակվել 1 պատանդ: «Զինված անձինք շարունակում են մնալ ոստիկանության շենքում, ովքեր պատանդ են վերցրել երկու բժիշկ և 1 բուժքույր: Նրանք ոստիկանության շենք են մտել վիրավորվածներին բուժոգնություն ցուցաբերելու մտադրությամբ»:

«Ռուսթավի 2»-ը իր լսարանին հիշեցրել է նաև, որ Երևանում գրեթե 2 շաբաթ է ընդդիմության կողմնակիցները պատանդներ են պահում ոստիկանության շենքում: Նրանք պահանջում են ազատ արձակել ընդդիմության բանտարկված առաջնորդին: Վրաստանյան մամուլը չի անդրադառնում խմբի մյուս պահանջի՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ:

Թողնել պատասխան