Հուլիսի 8-ի վրաստանյան մամուլի տեսություն

Հուլիսի 8-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի 28-րդ գագաթաժողովը, որին մասնակցում են 58 պետության պատվիրակություններ:Գագաթաժողովին Վրաստանը ներկայացնում է նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: «Kvira.ge»-ի փոխանցմամբ` Վրաստանի նախագահը այսօր հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգին: Կողմերը քննարկել են Վրաստան-ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող հարցեր: Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել Ստոլտենբերգին`  Վրաստանի եվրոպական ինտեգրման հարցում հաստատուն աջակցության համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի ունեցած առաջընթացը` ուշադրությունը կենտրոնացնելով երկրի պաշտպանական հնարավորությունները մեծացնելու քայլերին:

Վրաստանյան մամուլն այսօր անդրադարձավ նաեւ Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիային, սակայն այս անգամ իր ընթերցողներին ծանոթացրեց ոչ թե երկրում տիրող քաղաքական լարված իրավիճակին, այլ խոսեց Սուխումիում տեղի ունեցած ջրհեղեղի մասին: Մասնավորապես` «Netgazeti.ge»-ի փոխանցմամբ՝ առատ անձրևերի պատճառով Սուխումիի փողոցները ողողվել են ջրով: Վնասվել է կենտրոնական մայրուղու մի հատված, քաղաքում իրականացվում են մաքրման աշխատանքներ: Տուժածների  մասին տեղեկատվություն չկա:

Վրաստանի ընդդիմադիր` «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը սատարող «Ռուսթավի 2» հեռուստաալիքը տեղեկացնում է, որ պատգամավոր Գիորգի Վաշաձեն, ով վերջերս լքել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության շարքերը, Վրաստանի արդարադատության նախարարից պահանջել է պաշտոնապես գրանցել «Նոր Վրաստան» քաղաքական կազմակերպությունը, որպեսզի կուսակցությունը կարողանա մասնակցել հոկտեմբերի 8-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին: Վաշաձեն հայտարարել է, թե այն դեպքում եթե մինչեւ օրվա վերջ գրանցում տեղի չունենա, ինքը բողոքի ակցիաներ է կազմակերպելու: Կուսակցությունից հեռուստաալիքին հայտնել են, որ արդարադատության նախարարությանը նրանք դիմել են հունիսի 8-ին և ներկայացրել բոլոր համապատասխան փաստաթղթերը: Մամուլի ասուլիսի ժամանակ Վաշաձեն ընտրություններին մասնակցելու ձևաչափը չի մանրամասնել, սակայն հաստատել է, որ բանակցություններ են ընթանում տարբեր կուսակցությունների, այդ թվում նաև նորաստեղծ «Գիրչի»-ի հետ: Հիշեցնենք, որ և’ Վաշաձեն, և’ «Գիրչի»-ի անդամների մեծամասնությունը նախկինում եղել են «Միացյալ ազգային շարժում» կուսակցության շարքերում:

Միևնույն հեռուտաալիքի փոխանցմամբ` Վրաստանի «Լեյբորիստական» կուսակցության առաջնորդներից Գիորգի Գուգավան այսօր հայտարարել է, թե առաջիկա ամիսներին 800.000 մարդու դրսում հայտնվելու վտանգ է սպառնում: Վերջինիս խոսքերով` վերջին 6 ամսվա ընթացքում բանկային վարկերը ժամանակին չվճարելու պատճառով 20.000 ընտանիք ընդգրկվել է այսպես կոչված «սև ցուցակում»:

«Interpressnews» պարբերականը հրապարակել է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստի համատեղ հայտարարությունը, ըստ որի ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության ավելի խորացման նպատակով նոր քայլեր կձեռնարկվեն: «Որոշում ենք կայացրել մեր համագործակցության ավելի խորացման համար նոր քայլեր ձեռնարկել, որպեսզի օգնենք Վրաստանին ամրապնդել իր պաշտպանունակությունը և կայունությունը: Նշված նախաձեռնությունները ենթադրում են Վրաստանի համար ռազմական կրթություն և օգնություն ուսուցման և ռազմավարական հաղորդակցությունների ոլորտում: Դաշնակիցները կաջակցեն Վրաստանի հակաօդային պաշտպանությանը և օդի վերահսկողության կարողությունների զարգացմանը: Դաշնակիցները Վրաստանի պաշտպանության և կայունության ամրապնդման նպատակով երկկողմ ձևաչափով կիրականացնեն տարբեր միջոցառումներ: Մենք նաև մեծ ուշադրություն ենք դարձնում սևծովյան տարածաշրջանում անվտանգության պահպանմանը» ասված է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի համատեղ հայտարարությունում: Համատեղ հայտարարությունը ընդհանուր առմամբ բաղկացած է 10 կետից:

Թողնել պատասխան