Հունիսի 17-ի վրաստանյան մամուլի տեսություն

Հունիսի 17-ին վրաստանյան ԶԼՄ-ների մեծ մասը գրում էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցող միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն միակ գերտերությունն է:

«Ամերիկան մեծ գերտերություն է, թերեւս այս պահին միակ գերտերությունը, եւ մենք սա ընդունում ենք: Մենք ցանկանում ենք և պատրաստ ենք աշխատել Միացյալ Նահանգների հետ»,- հայտարարել է Պուտինը:

«Kvira.ge»-ի փոխանցմամբ`  Վրաստանի կառավարության 2015 թվականին գրավոր կարծիքները ուսումնասիրելուց հետո, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի գործին վերաբերող Վրաստանցի վկաներին լսելու վերաբերյալ որոշում է կայացրել: Վրաստանի արդարադատության նախարարության տեղեկատվության համաձայն` սույն թվականի հունիսի 6-ից 17-ը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հարցաքննել է 33 վրաստանցի վկաների: Ստրասբուրգի դատարանի որոշմամբ՝ վկաների ինքնությունը, նրանց հարցաքննելու ժամկետը, դրվագները կամ այլ մանրամասներ գաղտնի են պահվում: Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի դատական գործում, Վրաստանի շահերը պաշտոնապես ներկայացնում է երկրի արդարադատության նախարարությունը:

«Netgazeti.ge»-ի փոխանցմամբ` հուլիսի սկզբին Վրաստան կայցելի Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Այս տեղեկատվությունը պարբերականը գրում է` հղում կատարելով Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությանը: Հայտարարությունում նշվում է նաեւ, որ այցի մանրամասների մասին Գիորգի Կվիրիկաշվիլին և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը քննարկել են հունիսի 16-ին` Գերմանիայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Զրույցի ավարտին, Վրաստանի և Գերմանիայի արտաքին գերատեսչությունները որոշում են կայացրել, որ 2017 թվականը հայտարարվելու է վրաց-գերմանական բարեկամության տարի: Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Թեդո Ջափարիձեն, Գերմանիայի դաշնային հանրապետությունում Վրաստանի դեսպան Լադո Ճանտուրիան, կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նինո Կոբախիձեն:

«Interpressnews»-ի փոխանցմամբ` աշխարհահռչակ երգիչ Խոսե Կարերասն  արդեն Վրաստանում է: Կարերասի և Թբիլիսիի սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգը տեղի կունենա Քութաիսիում`  հունիսի 18-ին: Համերգը կվարի Դավիդ Խիմենես Կարերասը, ով Վրաստան է ժամանել հունիսի 15-ին: Կարերասի համերգը տեղի է ունենալու «Chek in Georgia» ծրագրի շրջանակներում:

«Kvira.ge»-ի փոխանցմամբ` Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այսօր Թբիլիսիի պետական համալսարանում Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի անվան լսարան է բացել, ինչպես նաեւ հանդես եկել` «Անկախությունից դեպի ազատություն» խորագրով դասախոսությամբ: Դասախոսության ընթացքում Մարգվելաշվիլին խոսել է երկրի 25-ամյա անկախության ընթացքում ժողովրդի առջև ծառացած խնդիրների, քաղաքական գործընթացներում յուրաքանչյուր քաղաքացու ներգրավման և սռաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Գիորգի Մարգվելաշվիլին ուսանողների հետ զրույցի ժամանակ նշել է, թե ամենակարևոր խնդիրն այն է, որ հասարակության մեծ մասը մտածում է, որ չի գնա ընտրությունների և չի մասնակցի այդ գործընթացին:

«Interpressnews»-ի փոխանցմամբ`  լարին արժեզրկվել է դոլարի և եվրոյի նկատմամբ: Հունիսի 18-ին 1 ամերիկյան դոլարի պաշտոնական արժեքը կկազմի 2.1790 լարի: Ազգային արժույթը արժեզրկվել է նաև եվրոյի նկատմամբ, 1 եվրոյի պաշտոնական գինը կազմելու է 2.4512 լարի, մինչդեռ հունիսի 17-ի դրությամբ 1 եվրոն արժեցել է 2.3953 լարի:

Թողնել պատասխան