Մահացել է Զուրաբ Սոտկիլավան

Կյանքի 80-րդ տարում Մոսկվայում մահացել է վրացի օպերային երգիչ Զուրաբ Սոտկիլավան: Տենորը վերջին ժամանակահատվածում վատառողջ էր:

Ինչպես «Ինտերպրեսնյուս» լրատվականին հայտնել են նրա հարազատները, երգչի դին մի քանի օրից կտեղափոխվի Վրաստան:

Զուրաբ Սոտկիլավան ծնվել է 1937 թվականի մարտի 12-ին, Սուխումիում: 1965 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական կոնսերվատորիան՝ Դավիթ Անդղուլաձեի ղեկավարությամբ, և հետագա 9 տարվա ընթացքում երգել է Թբիլիսիի Զ. Պալիաշվիլու անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում:

1966-1968 թվականներին վերապատրաստվել է Միլանի Լա Սկալայում: 1973 թվականին Դոն Ժոզեի դերով կայացել է երգչի դեբյուտը՝ Մոսկվայի Մեծ թատրոնում, մի տարի անց Զուրաբ Սոտկիլավան միացել է թատրոնի խմբին՝ որպես մենակատար: Զուգահեռ դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում:

Երգիչն արժանացել է բազմաթիվ շքանշանների ինչպես Վրաստանում, այնպես էլ արտասահմանում, այդ թվում Վրաստանի վաստակավոր արտիստ է և Շոթա Ռուսթավելիի պետական մրցանակի դափնեկիր:

«Վերդիի ստեղծագործությունների փայլուն մեկնաբանման համար» Զուրաբ Սոտկիլավան ընտրվել է երաժշտական ակադեմիայի պատվավոր անդամ:

Թողնել պատասխան