Մայիսի 17-ի վրաստանյան մամուլի տեսություն

Վրաստանյան մամուլը մայիսի 17-ին առավելապես խոսեց Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի`  Հունաստան այցի վերաբերյալ: «Kvira.ge»-ի փոխանցմամբ`Վրաստանի կառավարության ղեկավարը կմասնակցի Հունաստանում գազատարի շինարարության մեկնարկի պաշտոնական արարողությանը:

Այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը հանդիպել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ: Վրացական պատվիրակության կազմում են գտնվում փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն և Արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: «Netgazeti.ge»-ի փոխանցմամբ՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները լքել են Թբիլիսիի ավագանու խորհրդի նիստը: Թբիլիսիի ավագանու խորհրդի անդամ Իրակլի Աբեսաձեի խոսքերով՝ նրանք քաղաքապետից չեն լսել իրենց հետաքրքրող մի շարք հարցերի պատասխաններ:

«Ինչպես և սպասվում էր, Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան ամեն ինչ արեց, որպեսզի չխոսի Թբիլիսիի Բուսաբանական այգու շուրջ ընթացող խնդիրների և քաղաքային բյուջեի վատնումների վերաբերյալ: Նա ուշադրությունը կենտրոնացրեց հին սխալների վրա, այս կերպ փաստացի պաշտպանելով Բիձինա Իվանիշվիլիին: Թբիլիսցիները համոզվեցին, որ Բիձինա Իվանիշվիլիի կողմից նշանակված քաղաքապետը պատասխանատու է Իվանիշվիլիի առջև»— հայտարարել է Իրակլի Աբեսաձեն: «Interprewssnews»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, Քութայիսիում կուրսանտների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է վրաց-ռուսական հարաբերություններին: Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի հեր Վրաստանի արտաքին քաղաքականությունը հստակ է և պարզ:

«Վրաստանի արտաքին քաղաքականությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում հստակ է և պարզ: Մենք ասում ենք, որ Ռուսաստանի հետ պետք է ռացիոնալ և խաղաղ երկխոսություն և ոչ քաղաքական բազմագոչ հայտարարություններ: Մեզ պետք է քաղաքականություն, որը` մի կողմից հաշվի կառնի Վրաստանի, իսկ մյուս կողմից Ռուսաստանի շահերը: Ռուսաստանի հետ երկխոսության դեպքում առկա է շատ կարևոր հանգամանք՝ Ռուսաստանը պետք է ճանաչի Վրաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Սա քաղաքակիրթ պետության համար բնական պահանջ է, ինչից Ռուսաստանի Դաշնությունը ոչ մի տեղ չի կարող փախչել: Հետևաբար, մեր ռազմավարությունն է` Ռուսաստանի հետ կառուցել ռացիոնալ եւ խաղաղ երկխոսություն: Ռուսական շուկան, քիչ թե շատ, բաց է մեզ համար: Ռուսաստանցի զբոսաշրջիկները և գործարարները այցելում և ազատ գործունեություն են ծավալում Վրաստանում: Սա լարվածության նվազեցման գործում կատարած աշխատանքի մի մասն է, սակայն առկա է նաև խնդրի երկրորդ մասը, որը Ռուսաստանի վարած քաղաքականությանն է վերաբերում»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:

Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիայի հայտարարության համաձայն, Եվրախորհրդի սննդի անվտանգության տեսչության տնօրինությունը առաջարկել է Վրաստանը ներառել Եվրախորհրդի երկրների մեղր ներկրողների ցուցակում: «Եվրախորհրդի սննդի անվտանգության տեսչության հանձնաժողովը դրական է գնահատել գյուղատնտեսական ոլորտում, վերջին երկու տարիների ընթացքում իրականացված բարեփոխումները: Տեսչության տնօրինությունը Եվրոպախորհրդին առաջարկել է Վրաստանը ներառել Եվրախորհրդի երկրների` մեղր ներկրողների ցուցակում: Այս պահին միակ խնդիրը մեր չափորոշիչներին համապատասխանող ընթացակարգերը իրականացնելն է, ինչը` հուսով եմ արագ կավարտվի»,— հայտարարել է Օթար Դանիելիան:

Վրաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Յանոշ Հերմանը իր հերթին հայտարարել է, որ Եվրամիության հետ Ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, Վրաստանը հնարավորություն կունենա վրացական մեղրը առանց լրացուցիչ վճարների արտահանել ԵՄ երկրներ տեղեկացնում է «kvira.ge»-ին:

Թողնել պատասխան