Սաակաշվիլիի կուսակցությունում հետևում են իրադարձություններին

Վրաստանի «Միացյալ ազգային շարժում»-ը  անդրադարձել է Ուկրաինայում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության փաստին։  Կուսակցության առաջնորդներից Զազա Բիբիլաշվիլին «Ռուսթավի 2»-ին ասել է, որ պատրաստ են Սաակաշվիլիի հետ կապված յուրաքանչյուր սցենարի:

Նա նշել է, որ ուկրաինական կողմը Սաակաշվիլիին արտահանձնելու վերաբերյալ բազմիցս բացասական պատասխան է տվել: ՄԱՇ-ի առաջնորդի կարծիքով, սակայն, «Վրացական երազանք»-ը սկսել է ներգրավվել  Սաակաշվիլիի ձերբակալման գործին, այն բանից հետո, երբ Իվանիշվիլին ու Պորոշենկոն «հաշտվել են»:

«Միխեիլ Սաակաշվիլին Արևելյան Եվրոպայում է, հետխորհրդային տարածքում, հակառուսական ու հակակոռուպցիոն ճակատի առաջնորդ է: Նա մարդ է, ումից վախենում են բոլոր դավաճանները, կաշառակերներն ու  օլիգարխները: Այստեղ (Թբիլիսիում), Պորոշենկոն և Իվանիշվիլին ընդհանուր հայտարարի են եկել: Նրանք սեփական ժողովրդի թիկունքում ապօրինաբար համագործակցում են՝ ի շահ  Ռուսաստանի և սեփական կոռումպացված կլանի»,-ասել է Բիբիլաշվիլին:

«Միացյալ ազգային շարժման»  անդամը նաև նշել է․ «գործին ներգրավված է «Վրացական երազանք»-ը՝ Իվանիշվիլիի ռեժիմը: Հիշեցնում եմ, որ այն ժամանակ, երբ Պորոշենկոն դեռևս գիտակից վիճակում էր, Ուկրաինան 3 անգամ հրաժարվել է Սաակաշվիլիին Վրաստանին արտահանձնել, քանի որ պարզ էր՝ պահանջը քաղաքական է»,-հայտարարել է Բիբիլաշվիլին՝ համոզմունք հայտնելով, որ այս ամենը տեղի է ունենում միայն այն պատճառով, որ Ուկրաինայի ղեկավարը համաձայնության է եկել իշխող «Վրացական երազանք»-ի հիմնադիր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ:

Թողնել պատասխան