ՄԱՇ-ի անդամը Զուրաբիշվիլիին կեղծ քաղաքական գործիչ է համարում

«Սալոմե Զուրաբիշվիլիի փոխարեն նույնիսկ եթե թեկնածուն մի իր լիներ, միևնույն է այդքան ձայն կհավաքեր»,- «Պալիտրանյուս»-ի եթերում նման հայտարարություն է արել «Միացյալ ազգային շարժման» անդամ Նիկա Ռուռուան, ով խորհրդարանական ընտրությունների ժամանակ Վրաստանի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշիվիլիի մրցակիցն էր Թբիլիսիի Մթածմինդա թաղամասում։

Ռուռուայի խոսքերով՝ հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում տարբեր գերատեսչություններ ակտիվ մասնակցություն են ունեցել՝ ամեն ինչ անելով, որ «իշխանական» թեկնածուն հաղթի: Նրա կարծիքով Սալոմե Զուրաբիշվիլին, ում Ռուռուան համարում է կեղծ քաղաքական գործիչ,  ազգային շահերի դեմ հայտարարություններով է հանդես գալիս:

«Անձը, ով խորհրդարանական ընտրություններին իմ գլխավոր մրցակիցն էր, իբրև անկախ թեկնածու էր, ընդհանրապես չէր մասնակցում բանավեճերի, քարոզչության, այլ կռվում էր լրագրողների դեմ: Այս տիկինը պրոֆեսիոնալ սուտասան է, ինչը բազմաթիվ անգամ ապացուցվել է: Նա հայտարարել է, թե 2008-ին Վրաստանն է սկսել պատերազմը:  Ընտրական քարոզարշավի ժամանակ նա պահանջել է չեղյալ համարել Ռուսաստանի վերաբերյալ բռնազավթիչ կարգավիճակը: Իմ կարծիքով այս տիկինը բերվել է, որպեսզի եվրոպական քողի տակ  մարդկանց մոտ այնպիսի գաղափարներ առաջացնի, որոնք կոնֆլիկտ ունեն մեր երկրի ազգային շահերի հետ»,- հայտարարել է Ռուռուան:
Նշենք, որ Նիկա Ռուռուան և Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիի Մթածմինդա թաղամասում պայքարում էին պատգամավորական մանդատի համար, որտեղ ընտրողների մեծամասնությունը քվեարկեց Զուրաբիշվիլիի օգտին:

Թողնել պատասխան