Մարգվելաշվիլին շնորհավորել է Թրամփին

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ նոյեմբերի 8-ին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Մարգվելաշվիլիի շնորհավորական ուղերձը տարածել է նախագահի մամուլի ծառայությունը։

«Պատիվ ունեմ ի սրտե շնորհավորել Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով: Նոյեմբերի 8-ին ամերիկյան ժողովուրդն իր  ձայնը տվել է երկրի բարեկեցության, զարգացման, հաջողության, անվտանգության ու  խաղաղության հասնելու նպատակով: Ձեր նախագահական պարտականությունը սկսվում է այն կարևորագույն ժամանակահատվածում, երբ աշխարհն ու մարդկությունը կանգնած է նոր,  աճող ու  փոխկապակցված մարտահրավերների առջեւ։ Այսօր մեծագույն պատասխանատվություն ենք ստանձնում այնպիսի համամարդկային արժեքների պաշտպանության համար, ինչպիսիք են ազատությունը, ժողովրդավարությունն ու  խաղաղությունը»,-ասել է Մարգվելաշվիլին:

Վրաստանի նախագահը Թրամփին ուղղված իր շնորհավորական ուղերձում ընդգծել է աշխարհի կայունության ու անվտանգության ապահովման հարցում ԱՄՆ-ի դերակատարությունը՝ համոզմունք հայտնելով,  որ ԱՄՆ-ի գլխավորությամբ կունենանք ավելի պաշտպանված մոլորակ։

«Ընդհանուր արժեքները մեր երկրների պատմական ընկերության հիմքն են հանդիսանում: Մեր ժողովուրդները միասին են նայում առկա մարտահրավերներին, միասին են ընդհանուր բարեկեցության ու  անվտանգության հասնելու գործում: Վրացական եւ ամերիկյան ստորաբաժանումները միասին են պայքարում անվտանգ աշխարհ ունենալու համար»,-ասել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։

Նրա խոսքով, Վրաստանն իր զարգացման տարբեր փուլերում զգացել է ԱՄՆ-ի քաղաքացիների ու կառավարության հսկայական  աջակցությունը։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի պետականության, ժողովրդավարական  զարգացման, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ինչպես նաև եվրաատլանտյան ձգտման հարցերում ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցության ու մեծ դերակատարության համար։ Այդ ամենը վրաց ժողովուրդը գնահատում»,-վստահեցրել  է Մարգվելաշվիլին՝ հույս հայտնելով, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահի հետ կկարողանա զարկ տալ վրաց-ամերիկյան հարաբերություններին։

Թողնել պատասխան