Մարգվելաշվիլի. հեռուստաընկերությունների սեփականատերը հասարակությունն է

 «Ես չգիտեմ՝ ով է «Ռուսթավի 2»-ի իրավական սեփականատերը, չգիտեմ նաև, թե ով է քաղաքական տերը, բայց գիտեմ, որ «Ռուսթավի 2», «Իմեդի», «Մաեստրո» և բոլոր հեռուստաընկերությունների արտադրանքի սեփականատերը հասարակությունն է»,-հայտարարել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

Նախագահն ասել է, թե  տեղյակ չէ ՝ երբ և ինչու են փոխվել «Ռուսթավի 2»-ի սեփականատերերը, քանի որ ինքը չի մասնակցում բիզնեսի բաժնեմասերի համար պայքարին: Մարգվելաշվիլին վստահ է՝ «Ռուսթավի 2»-ի եթերի դադարեցումը երկրի ժողովրդավարության համար մեծ հարված կլինի։

«Մենք մեծ վնաս կհասցնենք մեր երկրի միջազգային վարկանիշին և ժողովրդավարությանը, այս երկուսն էլ շատ կարևոր են։ «Ռուսթավի 2»-ը հաստատել է, որ արևմտամետ հեռուստաընկերություն է, հենց այս պատճառով էլ իր նկատմամբ զգայունությունն աճել է: Երբ 2007-ին հարձակում եղավ «Իմեդի» ընկերության վրա, ես ասացի՝ դա Սահակաշվիլիի ողբերգական քայլն էր, որի համար պատասխան է տալու, այդպես էլ եղավ: Մենք եկանք  2012-ին, ասացինք, որ վերջ կդնենք գաղտնալսումներին, շանտաժին, ձերբակալություններին: 2012-ից հետո մենք էապես փոխել ենք մոտեցումը, սակայն ազատությունն ու ժողովրդավարությունը հավերժ չեն, այդ պատճառով մենք պետք է մշտապես աչալուրջ լինենք»,-ասել է նախագահը:

Մարգվելաշվիլին նաև ասել է, որ իրեն ազատ է զգում բոլոր հեռուստաընկերություններում, և նորմալ չէ, որ  միայն մեկ հեռուստաընկերություն համարվի ազատ:

Հիշեցնենք, որ մարտի 2-ին Գերագույն դատարանը «Ռուսթավի 2»-ի սեփականատեր ճանաչեց Քիբար Խալվաշիին, հաջորդ օրը, սակայն, հեռուստաընկերության դիմումի հիման վրա Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարանը չեղյալ է համարել դատարանի որոշումը:

Թողնել պատասխան