Միխեիլ Ջանելիձեն ելույթ կունենա Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում

Վրաստանի փոխվարչապետ, Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն հոկտեմբերի 18-19-ը կայցելի Բրյուսել:

Արտաքին գործերի նախարարության տեղեկատվությամբ, այցի շրջանակներում փոխվարչապետը ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում (AFET): Միխեիլ Ջանելիձեն կխոսի Վրաստանում եվրոպական օրակարգի, ներկայիս և հետագա բարեփոխումների, եվրաինտեգրման տեսլականի և հեռանկարների մասին, նախարարը Եվրոպական խորհրդարանին կտեղեկացնի նաև օկուպացված տարածքների վերջին զարգացումների մասին։

Արտգործնախարարի՝ Բրյուսել այցի շրջանակներում կկայանան հանդիպումներ Եվրոպական հանձնաժողովի արտաքին կապերի գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի և եվրահանձնաժողովի եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրենի տեղակալ Կատերինա Մատերնովայի հետ։ Նախարարը նաև կլոր սեղանի ձևաչափով քննարկում կանցկացնի Կարնեգի կենտրոնում՝ առաջատար մի շարք փորձագետների հետ։

Թողնել պատասխան