Միջազգային մամուլի անդրադարձը վրաստանյան ընտրություններին

Միջազգային լրատվամիջոցները շարունակում են անդրադառնալ Վրաստանում հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին` ընդհանուր առմամաբ այն գնահատելով ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան: 

Agence France-Presse (AFP) միջազգային  գործակալությունն ու բրիտանական «Financial times»-ը  Վրաստանին անվանել են տարածաշրջանում ժողովրդավարության դրոշակակիր` հույս հայտնելով, որ առաջին անգամ  չորս տարի առաջ տեղի ունեցած իշխանափոխությունից հետո երկիրը կամրապնդի իր նվաճումները:

Բրիտանական հեղինակավոր BBC  լրատվականը «Վրաստանի իշխող կուսակցությունը հաղթանակ է տոնում» վերնագրած հոդված գրում  է.«հիմնականում ավտորիտար պետություններով հայտնի այս տարածաշրջանում Վրաստանն աչքի է ընկնում հետխորհրդային իր հաջող պատմությամբ, բազմակուսակցական ժողովրդավարությամբ»:

Լրատվամիջոցը հիշեցնում է  ռուս-վրացական հարաբերությունների մասին` նշելով, որ  2008 թ.  երկու երկրները  կարճատև պատերազմի մեջ էին, այսօր  Վրաստանն ավելի է մոտենում  ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը:

BBC-ն նույն հոդվածում ի մի բերելով  ընտրությունների նախնական տվյալները, մի դիտարկում է անում, որը այնուհետև  կարմիր թելի նման անցնում է հեղինակավոր այլ լրատվամիջոցներում:

«Ռուսամետ կուսակցությունը Վրաստանի հետխորհրդային պատմության մեջ առաջին անգամ կարող է  հայտնվել խորհրդարանում»,-գրում է BBC-ն` նկատի ունենալով «Հայրենասերների դաշինք» կուսակցությանը, որը հազիվ մոտեցավ ընտրական  5 տոկոսանոց  շեմին:

EurasiaNet-ը նույնպես ընթերցողի ուշադրությունն է հրավիրում վերոնշյալ կուսակցության վրա, իսկ  Los Angeles Times-ը  հրապարակում է.  «Պուտինն  արդյոք դեպի Վրաստան իր ճանապարհը կստանա» վերնագրով հոդվածը:

«Ամերիկայի ձայն»-ը  «Հայրենասերների դաշինք»-ին  նույնպես համարել է ռուսամետ` նշելով, որ կուսակցության  պատգամավորները խորհրդարան են մտնում  չնայած նրան, որ ռուսական զորքերը շարունակում են  վերահսկել նախկին խորհրդային հանրապետության (Վրաստանի) մի մասը, բացի այդ դեռ չեն մոռացվել մոտ 10 տարի առաջ տեղի ունեցած պատերազմի հիշողությունները:

Ամերիկայի ձայնը նկատում է, որ կուսակցությունը Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների կողմակիցն է, դեմ է ՆԱՏՕ-ի ինտեգրման գաղափարին. Վստահ է,  որ ինտեգրվելով Եվրոպային՝ երկիրը կհեռանա իր ավանդույթներից:

Լրատվականը հարցազրույցներ է արել  Թբիլիսիի փողոցներում և եզրակացրել, թե ժողովրդի  մեծ մասը զղջում է, որ «Հայրենասերների դաշինք»-ի տեղը չեն կարողացել  զբաղեցնել արևմտամետ կուսակցությունները:

Ուկրաինական «Vesti-ukr.com» պարբերականը նույնպես անդրադարձել է վրաստանյան  ընտրություններին` մէջբերելով քաղաքագետ Գիորգի Լոմիձեի խոսքերը. «Ընտրությունները ապացուցեցին, որ Վրաստանում չեն սպասում Սահակաշվիլիին, ով խոստացել էր  հաղթանակի դեպքում  վերադառնալ հայրենիք»:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին լիազորությունների ավարտին հեռացել է երկրից, այժմ Օդեսայի նահանգապետն է, որտեղից  հեռակա կարգով ակտիվորեն մասնակցում է վրաստանյան ներքաղաքական կյանքին, մասնավորապես նախընտրական գործընթացներին:

Ուկրաինական թերթը նշում է, որ Սահակաշվիլիի կուսակցությունը («Միացյալ ազգային շարժում»), որ համարվում է երկրի ամենազդեցիկ ընդդիմադիր ուժը, ամեն դեպքում առանց առաջնորդի (նկատի ունի առանց Սահակաշվիլիին) շատ ավելի թույլ է:

Թողնել պատասխան