Մի քանի ժամից կորոշվի Սաակաշվիլիի ճակատագիրը

Այսօր, Թբիլիսիի ժամանակով 15:00-ին, հայտնի կդառնա արդյոք թույլ կտան Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հատել Լեհաստան-Ուկրաինա սահմանը, թե՞ կձերբակալեն եւ կպատրաստվեն արտահանձնել Վրաստան:

Ուկրաինայի ընդդիմադիրների մի մասը, այդ թվում Յուլիա Տիմոշենկոն, այսօր Միխեիլ Սաակաշվիլիի հետ պատրաստվում են անցնել Ուկրաինա՝ լեհ-ուկրաինական «Կրակովեց» սահմանային անցակետով:

Սաակաշվիլին ծրագրում է սահմանային անցակետ հասնել կեսօրին, նրա հետ կլինեն ինչպես ուկրաինական ընդդիմության ներկայացուցիչներ, այնպես էլ Եվրախորհրդարանի անդամներ, լրագրողներ եւ նրա աջակիցները: Սաակաշվիլին սահմանը հատելու է ընտանիքի անդամների հետ:

Լեհաստանում գտնվելիս Սաակաշվիլին հանդիպումներ է ունեցել Լեհաստանի եւ ԱՄՆ-ի  քաղաքական գործիչների հետ:

«Լեհական կողմից խոչընդոտներ չենք ունենա: Շատ մեծ ճնշում կար ուկրաինական կողմից Լեհաստանի վրա, սակայն լեհերն ինձ տվեցին երաշխիք, որ ոչ մի տեսակի խնդիր չի լինի: Սա լավ ժեստ էր լեհաստանցիների կողմից, ոչ բոլոր երկրներն այսպես կվարվեին»,- հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին:

Վրաստանի երրորդ նախագահը նշել է, որ չի զարմանում ստեղծված իրավիճակից: Նրա խոսքով, պատրաստվում է խաղաղ կերպով հասնել Լեհաստան-Ուկրաինա սահմանային անցակետ, իսկ վերադառնալով Ուկրաինա՝ խաղաղ ճանապարհով պայքարել քաղաքացիությունը վերականգնելու համար:

«Ինձ սպառնացող անձը նախորդ օրը Պորոշենկոյի հետ հանդիպման էր: Նախագահի անձնակազմի տարածքում են արձանագրել եւ խոստովանել, որ նա հանդիպել էր Պորոշենկոյին: Հիմա նա Լվովում է եւ չեմ կարծում, որ պարզապես համընկան իրադարձությունները: Որքանով տեղյակ եմ, այսօրվա խաղաղ ակցիային ներկա կլինի նաեւ Ուկրաինայի սահմանային ուժերի ղեկավարը: Ես սովորաբար Ուկրաինայի սահմանապահներին լավ եմ վերաբերվում»,- հայտարարել է Սաակաշվիլին «Ռուսթավի2» հեռուստաընկերության հետ զրույցում:

Հիշեցնենք, նախորդ շաբաթ Վրաստանն Ուկրաինային Սաակաշվիլիին արտահանձնելու պահանջ է ներկայացրել:

Թողնել պատասխան