«Մի քիչ ավելի հայ դարձած՝ վերադարձանք» Բաթումիի խմբի ուխտագնացությունը՝ Երուսաղեմ

Բաթումիից 18 հոգանոց ուխտավորների խումբը՝Վիրահայոց թեմի Աջարիայի, Գուրիայի, Իմերեթիի հայության հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի առաջնորդությամբ՝ առաջին անգամ ուխտագնացության է մեկնել Երուսաղեմ,  մեկ շաբաթ անց է կացրել, այցելել քրիստոնեական սրբավայրեր, հաղորդակցվել վայրերի հետ, որտեղ ծնվել, մկրտվել, քարոզել, խաչվել ու հարություն է առել Քրիստոսը.

18493069_1712751542088319_975712757_o«Բնականաբար, տպավորություններն աննկարագրելի են: Քայլելով այն ճանապարհներով, որոնցով քայլել է մեր Տերը, լինել այն վայրերում, որոնք կապված են նրա անվան հետ, մենք ավելի շատ մոտեցանք Աստծուն: Ես վստահ եմ, որ մեր խմբի անդամները, այսուհետ կարդալով Սուրբ գիրքը, այնտեղ իրենց համար հարազատ տողեր պիտի գտնեն և Աստվածաշունչը պետք է դառնա իրենը: Երկու սրբավայրերում պատարագեցինք՝ Սուրբ Աստվածածնի ննջման վայրում, ուր հայոց եկեղեցի է, և հարության տաճարի Քրիստոսի գերեզմանին»,- տպավորություններով կիսվում է հոգևոր հովիվը:

Ուխտավորները գիշերն անցկացրել են Սուրբ հարության տաճարում, աղոթքներով, ժամերգություններով ու պատարագով: Ասում են՝ հոգևոր մեծ լիցքերով են վերադառնում՝ բերելով հոգևոր դասի և տեղի հայերի հուշանվերները, սերն ու ողջույնները: Ուխտագնացության վերջին կետը աղոթքն էր՝ Սուրբ Նիկողայոսի հայոց վանքում:

18452161_1712751552088318_372491633_oՍոնա Հովհաննիսյան, ուխտավոր. «Մեծ տպավորություններ և անբացատրելի զգացողություններ էինք ունենում, անկախ մեզնից՝ ուզում էինք խոնարհվել, փարվել, համբուրել բոլոր քարերը, հողն ու ջուրը, որով անցել է Տերը: Կարծում եմ՝ մեր ուխտավորները ստացան բոլոր հոգևոր հարցերի պատասխանները, հզորացավ նրանց հավատքը: Վերադառնում ենք՝ ներշնչված աստվածային շնորհներով, աղոթքները մեր շուրթերին՝ կիսելու այդ ամենը մեր հարազատների ու ընկերների հետ»:

18493234_1712751545421652_1582606591_oԺաննա Հակոբյան, ուխտավոր «Տպավորություններս շատ են: Մեր ուխտագնացությունը լի էր հրաշքներով, նույնիսկ մեր ետդարձի ճանապարհին հրաշք կատարվեց, մենք կյանք փնտրեցինք: Մեր Տեր հայրը լսեց, թե ինչպես է մի կին ծովից օգնություն կանչում, մեր խումբը, բոլորս բղավեցինք, օգնություն կանչեցինք, փառք Աստծո, եկան, օգնեցին, փրկեցին կնոջը: Ես հատավում եմ, որ հրաշքներ կատարվում են»:

Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատն ասում է, որ Երուսաղեմի հայ համայնքն իր փոքրությամբ, հսկայական աշխատանք է տանում: Մեծ է հատկապես հոգևոր դասի դերը՝ սրբավայրերի պահպանման գործում. «Քայլելով Երուսաղեմի փողոցներում, այցելելով սրբավայրեր, տեսնում ես հայկական հետքը, դրոշը, և այդ ամենը պահպանում են մի խումբ հայ հոգևորականներ: Ես հասկացա, որ հայկական Երուսաղեմը պահպանելու վեհ կոչը մեր հայերը փառքով կատարել և կատարում են: Մի քիչ ավելի հայ դարձած՝ վերադարձանք Վրաստան»:

Թողնել պատասխան