Մոսկվային դուր չի եկել Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին. վրաց փորձագետ

«Մոսկվային հավանաբար դուր չեկավ, երբ Հայաստանը մասնակցեց ՆԱՏՕ-ի «Noble Partner- 2017» թբիլիսյան զորավարժություններին»,- «Ալիք»-ի հետ զրույցում Հայաստանի քայլն այսպես մեկնաբանեց «Արսենալի» ռազմական, վերլուծական հանդեսի գլխավոր խմբագիր, ռազմական փորձագետ Իրակլի Ալադաշվիլին։

Ինչպես հաղորդել էինք, այս օրերին Վրաստանում անցկացվող «Agile Spirit 2017» զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։

Ադելաշվիլին կարծում է, որ Հայաստանը փորձում է համագործակցել և՛ ՀԱՊԿ-ի, և՛ ՆԱՏՕ-ի հետ, ինչը, սակայն «դուր չի գալիս ռազմավարական գործընկերոջը՝ ՌԴ-ին»։ Հայաստանն  առաջին անգամ այս տարի Վրաստանում մասնակցել է ՆԱՏՕ-ի «Noble Partner- 2017» («Արժանի գործընկեր-2017») բազմազգ զորավարժություններին, որից հրաժարվել էր Ադրբեջանը։

«Այդ օրերին ռուսական մամուլում Հայաստանի մասնակցության մասին շրջանառվող տեսակետները ընդհանուր առմամբ բացասական էին։ Նշվում էր՝ եթե Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է և Հարավային Կովկասում ՌԴ-ի գլխավոր գործընկերը, ապա չպետք է մասնակցի Վրաստանում ընթացող ՆԱՏՕ-ի զորավարժություններին»,-ասում է փորձագետը՝ Հայաստանի իշխանություններին ամեն դեպքում խորհուրդ տալով շարունակել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը:

«Հայաստանի համար վատ չէր լինի նայել նաև դեպի Արևմուտք»,- մեզ հետ զրույցում ասաց Ալադաշվիլին:

Թողնել պատասխան