Մուխթարլիի կինը հետաքննություն է պահանջում

Ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթալրիի կինը իր եւ իր ամուսնու ընկերոջ նկատմամբ իրականացվող հնարավոր հետապնդման դեպքով հետաքննություն է պահանջում: Ըստ Լեյլա Մուստաֆաեւայի՝ միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես մեկ շաբաթ առաջ, Թբիլիսիի սրճարաններից մեկում, ինչի մասին էլ նրանք տեղեկացրել են իրավապաշտպաններին:

Լրագրողի կինը չի բացառում, որ նրան հետապնդելը հնարավոր է կապ ունի ամուսնու առեւանգման հետ: Մուստաֆաեւան փաստաբանի հետ այսօր մամուլի ասուլիս կանցկացնի և կհայտնի տեղի ունեցածի մանրամասների մասին, նաև կդիմի հետաքննող մարմիններին:

«Մեկ շաբաթ առաջ Աֆգան Մուխթարլիի ընկերոջ հետ Թբիլիսիի սրճարաններից մեկում էի: Մի քանի րոպեով հեռացա եւ վերադառնալիս իմ աթոռին նկատեցի համակարգչի պայուսակ: Ինձ մոտեցավ անծանոթ տղամարդ եւ ասաց, որ պայուսակն իրենն է, ինչից հետո արագությամբ հեռացավ սրճարանից: Տեղի ունեցածը կասկածելի թվաց եւ դիմեցինք ոստիկանություն: Դեպքի հետաքննության պահանջով պաշտոնապես դիմեցի ոստիկանությանն ու դատախազությանը: Կարծում եմ՝ տեղի ունեցածը կապված է Աֆգան Մուխթարլիի առեւանգման հետ»,- հայտարարել է Լեյլա Մուստաֆաեւան:

Լեյլա Մուստաֆաեւայի հետ դեպքի վայրում եղած Մուխթարլիի ընկերը չի բացառում, որ պայուսակի մեջ տեղադրված է եղել ձայնագրիչ սարք եւ խոսակցությունը կարող է օգտագործվել Աֆգան Մուխթարլիի դեմ:

«Սպասում ենք դեպքի արագ հետաքննմանը, չնայած գիտենք նաեւ այն, որ երբ Վրաստանում որեւէ գործողության մեջ խառնված է ադրբեջանական կողմը, գործի հանդեպ վերաբերմունքը տարբեր է»,- նշել է Դաշգին Աղալարլին:

Թողնել պատասխան