Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին կանգնած ուղևորներին սննդամթերք է բաժանվում

Վատ եղանակային պայմանների պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին կանգնած ուղևորներին սննդամթերք է բաժանվում, այս մասին տեղեկացնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Նշվում է, որ ավտոճանապարհի այդ հատվածում բիոզուգարաններ կտեղադրվեն։

Վատ եղանակային պայմանների պատճառով Վրաստանի ավտոճանապարհներին գործում են հետևյալ սահմանափակումները. Միջազգային նշանակություն ունեցող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում առատ ձյան պատճառով սողանքի վտանգ կա։ Ավտոճանապարհի տվյալ հատվածում արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Մլեթա-Գուդաուրի ճանապարհահատվածում կցորդ, կիսակցորդ և 30-ից ավել նստատեղի ունեցող ավտոբուսների երթևեկությունն արգելվում է։ Իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրելի է միայն անվաշխթաների օգտագործման դեպքում։ Երկու և ավել քարշակ ունեցող ավտոմեքենաների երթևեկությունն ազատ է։ Ճանապարհին կանգնելը խստիվ արգելվում է։

Առատ ձյունը խնդիրներ է ստեղծել նաև Քութայիսի-Տղիբուլի-Ամբրոլաուրի ճանապարհահատվածում, որտեղ արգելված է կցորդ և կիսակցորդ ունեցող ավտոմեքենաների երթևեկությունը։ Այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը, ավտոճանապարհի նշված հատվածում, թույլատրելի է։

Թողնել պատասխան