Մարգվելաշվիլիի կնոջ եղբայրը կրկին մեղավոր է ճանաչվել

Վրաստանի գլխավոր դատախազությունը հաստատել է, որ երկրի առաջին տիկին Մակա Չիչուայի եղբայրը մեղավոր է ճանաչվել ապօրինի զենք կրելու ու պահելու համար: 

Թբիլիսիի քաղաքային դատարանը ընդունելով դատախազության կողմից ներկայացված ապացույցները, որոնք վերաբերում են զենքի ապօրինի ձեռք բերմանը, Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով մեղավոր է ճանաչել Միխեիլ Մգալոբլիշվիլիին:

Դատախազությունը տեղեկացրել է, որ դատարանում ներկայացված ապացույցներով հաստատվել է, որ 2017 թվականի հունվարի 11-ին  Թբիլիսիի Լորթքիփանիձե փողոցում Մգալոբլիշվիլիի մոտ  BROWNING տեսակի զենք է գտնվել, այնուհետև նրա տանը հայտնաբերվել է BERETTA տեսակի հրազեն:

«Մ.Մ.-ն նախկինում բազմիցս դատապարտված է եղել: 2008 թ․ մարտի 25-ին նա դատապարտվել է Վրաստանի ՔՕ-ի 353-րդ հոդվածի առաջին մասի և 273-րդ հոդվածի հատկանիշներով : 2010 թ․ փետրվարի 27-ին Մ.Մ.-ն դատապարտվել է ՔՕ-ի 273-րդ,  2011 թ․ մայիսի 4-ին՝ ՔՕ-ի 19,109-րդ հոդվածի երկրորդ կետի «Է» ենթակետով (17 տարի ժամկետով): 2013 թ․ փետրվարի 24-ի համաներման մասին որոշմամբ՝ նա ազատ է արձակվել»,- ասված է դատախազության տարածած հայտարարության մեջ:

Թողնել պատասխան