Նախարարական նոր կազմը՝ հին ու նոր դեմքերով

Վրաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակված Գիորգի Կվիրիկաշվիլին նոյեմբերի 22-ին ներկայացրել է երկրի նոր կառավարության կազմը։ Նախարարների կաբինետի ամբողջական ցանկը կառավարության աշխատակազմը խորհրդարանի հաստատմանը  կներկայացնի հավանաբար հենց այսօր:

Կառավարության կազմը լուրջ փոփոխությունների չի ենթարկվել, ընդամենը 3 նոր նախարար կա: Այսպես, Վրաստանի Տնտեսության և կայուն զարգացման նախարարի պաշտոնը կզբաղեցնի Գիորգի Գախարիան, Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար է նշանակվել Զուրաբ Ալավիձեն, Եվրաինտեգրման հարցերով նախարար՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախկին անդամ Վիկտոր Դոլիձեն:

Ի դեպ, նշենք, որ վերջին նշանակման մասին վրաստանյան մամուլը պնդում էր խորհրդարանական ընտրություններից հետո՝ այն ժամանակ, երբ ընտրական 5 տոկոսանոց շեմը չհաղթահարած «Ազատ դեմոկրատներ»-ի շարքերը լքեցին մի շարք անդամներ։

Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել նոր կազմից դուրս մնացած նախարարներին և նշել, որ նրանք կշարունակեն իրենց գործունեությունն այլ կարևոր պաշտոններում:

Երկրի նախագահի հրամանագրով՝ Եվրաինտեգրման հարցերով նախկին նախարար Դավիթ Բաքրաձեն արդեն նշանկվել է Միացյալ Նահանգներում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ Էներգետիկայի նախկին նախարար Իլիա Էլոշվիլին կշարունակի գործունեությունը նախարարի տեղակալի պաշտոնում:

Ինչ վերաբերվում է Սփյուռքի նախարարությանը՝ այն լուծարվել է։ Նախարարության գործառույթները կիրականացնի Արտաքին գործերի նախարարությունը, որը շարունակելու է ղեկավարել Միխեիլ Ջանելիձեն:

Թե ինչ պաշտոններ կզբաղեցնեն արդեն նախկին նախարարներ Նոդար Խադուրին, Նոդար Ջավախիշվիլին և Գելա Դումբաձեն,  դեռևս պարզ չէ:  Տեղեկացնում է «news.ge»-ն:

Թողնել պատասխան