ՆԱՀԱՆՋ ՏԱՐԻ Է, ՆԱՀԱՆՋԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ

2Այսօր փետրվարի 29-ն է, իսկ նախորդ տարի այս օրը մարտի մեկն էր: Սա նշանակում է, որ այս տարին 365-ի փոխարեն մեկ օր ավել կունենա: 2016-ը նահանջ տարի է:

Այս երևույթը պատահում է 4 տարին մեկ անգամ: Այն ի հայտ է եկել տոմարների փոփոխությունից հետո և բացատրվում է այսպես. Տարին 365 օրից բացի 6-ական ժամ էլ ունի, որոնք 4 տարվա ընթացքում դառնում են 24 ժամ, կամ մեկ օր և ավելանում փետրվար ամսվա վերջին, այլ կերպ ասած` նահանջում ենք`տոմարների փոփոխության պատճառով: Սա օրվա աստղագիտական մեկնությունն է, իսկ նախապատմությունը տանում է մ.թ.ա 45 թվական:

Հաշվարկի այս տարբերակի առաջին հեղինակը Հուլիոս Կեսարն էր, ով հրամայեց իր աստղագետներին` Սոզիգենի ղեկավարությամբ, որ աստղագիտական տարվա ամենաճշգրիտ հաշվարկն անեն: Ավել համարվող ժամերը օրացույցում տեղավորելու համար նրանք առաջարկեցին 4 տարին մեկ անգամ փետրվարին տալ 29 օր` 28-ի փոխարեն:
Այս օրը տարբեր մարդկանց մոտ տարբեր էմոցիաներ է առաջացնում: Ոմանց համար օրացույցի շարքային օր է, որն ամեն տարի չի լինում, իսկ սնահավատներն էլ օրվա հետ կապված իրենց վերաբերմունքն ունեն. Նրանք կարծում են, որ բոլոր դժբախտությունները, անհաջողությունները կատարվում են հենց նահանջ տարում, իսկ փետրվարի 29-ը տարվա ամենաանհաջող, փորձանքով լի օրը է համարվում:
Օրինակ այս օրը լույս աշխարհ եկած մարդկանց բախտը չի բերել` ծննդյան օրը նշելու հարցում: Ասենք` 20-ամյա երիտասարդը ծննդյան տոն է ունեցել ընդամենը 5 անգամ: Այս յուրահատուկ մարդիկ կազմում են աշխարհի բնակչության ընդամենը մեկ տոկոսը:
Ավելի «վախկոտներն»  այս օրը տնից նույնիսկ դուրս չեն գալիս. Ասում են` այսօրվա բոլոր ձեռնարկները անհաջողությամբ են պսակվում, ուստի խորհուրդ չի տրվում նոր գործ սկսել, աշխատանք փոխել, տեղափոխվել, ճամփորդել, ընտանի կենդանիներ տուն բերել, ամուսնանալ, ծանոթանալ. «չի կարելիների» այս շարքն անչափ երկար է, իսկ նահանջ տարում, ավելի լավ է` կյանքում արմատական ոչ մի փոփոխություն չանել:
Վերջերս այդքան շատ քննարկված ու անտեղի աղմուկ առաջացրած` «աշխարհի վերջ» կոչվածին սնահավատ հասարակությունը վախով սպասում էր հենց փետրվարի 29-ին:
Աստղագետներն էլ շտապում են հանգստացնել սնոտիապաշտներին` հորդորելով օրվան հնարավորինս հանգիստ վերաբերվել: Ի վերջո, ողբերգություններ, եթե պետք է պատահեն, պատահում են նաև ոչ նահանջ տարում:

Թողնել պատասխան