Նոյեմբերի 12-ին 6  մունիցիպալիտետում ընտրությունների 2-րդ փուլ է անցկացվելու

Վրաստանի վեց մունիցիպալիտետում՝ Քութայիսի ինքնակառավարվող քաղաքում, ինչպես նաև Մարթվելի, Օզուրգեթի, Բորջոմի, Խաշուրի և Կազբեգի ինքնակառավարվող շրջաններում նոյեմբերի 12-ին նշանակված է քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլ: Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն անցել է նշված տարածքներում գրանցված 328.304 ընտրողի համար քվեաթերթիկների պատրաստման գործընթացին:  

Բոլոր վեց մունիցիպալիտետում առաջին փուլի արդյուքներով առաջատար են իշխող թիմի թեկնածուները: Ըստ առաջին փուլի վերջնական հաշվարկի՝ քաղաքապետի թեկնածուների միջև առավել մեծ մրցակցություն գրանցվել է Բորջոմիում և Օզուրգեթիում: Բորջոմիում «Վրացական երազանքի» թեկնածու Լեւան Լիպարտիան հավաքել է 40,35 տոկոս ձայն, իսկ «Հայրենասերների դաշինքի» թեկնածու Զազա Ճաճանաձեն՝ 40,15 տոկոս:

Աննշան տարբերություն է նաև Օզուրգեթիի թեկնածուների ձայների միջև. «Վրացական երազանքից» Բեգլար Սիորիձեն ստացել է ձայների 43,35 տոկոսը, իսկ անկախ թեկնածու Կոնստանտին Շարշանիձեն 41,86 տոկոս ձայն է  հավաքել:

6 շրջաններում երկրորդ փուլի ընտրություններին զուգահեռ նոյեմբերի 12-ին իրենց պաշտոնավարմանը կանցնեն մնացած 58 մունիցիպալիտետների նորընտիր ղեկավարները:

Ինչ վերաբերում է քաղաքային խորհրդին՝ սակրեբուլոյին, ապա ըստ ԿԸՀ-ի որոշման՝ ինքնակառավարման ներկայացուցչական մարմնի անդրանիկ նիստը Թբիլիսիում նշանակված է նոյեմբերի 14-ին, իսկ մնացած շրջաններում, հավանաբար, նոյեմբերի վերջերին:

Թողնել պատասխան