«Ուրանի գործով» նոր զարգացումներ

Սույն թվականի ապրիլի 18-ին Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը ապօրինաբար ուրան իրացնելու մեղադրանքով ձերբակալել էր 6 անձի, որոնցից 3-ը՝ Վրաստանի, մյուս 3-ը՝ Հայաստանի քաղաքացիներ: Գործի շուրջ նոր զարգացումներ կան։ Մասնավորապես «Interpressnews» լրատվականի փոխանցմամբ, մեղադրյալի կարգավիճակում հայտնված Հայաստանի երեք քաղաքացիներից մեկի՝ Աշոտ Գորոյանի համար միջնորդել է Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը: Մեղադրյալի փաստաբան Թեմուր Գոգոսաձեի խոսքերով, դեսպանը հանդես է եկել Գորոյանին ազատ արձակելու միջնորդությամբ՝ նրա հանդեպ պայմանական պատժամիջոց, կամ՝ գումարային տուգանք սահմանելու ակնկալիքով:

Փաստաբանը պարզաբանել է նաեւ, որ այն տեսակի ուրանը, որի վաճառքի համար մեղադրվում են Վրաստանի և ՀՀ քաղաքացիները, օգտագործվում է ինժեներական և ավիացիոն նպատակներով: Վրաստանի ԱԱԾ-ի փոխանցմամբ նշված անձինք, Թբիլիսիում 200 մլն դոլար արժողությամբ ուրան են փորձել իրացնել: Նրանց ձերբակալել են հենց գործարքն իրականացնելու ընթացքում:

Հետաքննությունը ընթանում է միջուկային նյութի հանդեպ անկանոն վերաբերմունքի և վաճառքի փաստով, ըստ Վրաստանի քրեական օրենսգրքի 230 հոդվածի առաջին կետի, ինչը ենթադրում է 5-ից 10 տարի ազատազրկում: Տեղեկացնում է «Interpressnews»-ը։ Ի դեպ, Թբիլիսիի քաղաքային դատարանի փոխանցմամբ, «ուրանի գործով»  հերթական դատական նիստը տեղի կկայանա հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 1-ին:

Թողնել պատասխան