Շուտով կմեկնարկի Անակլիայի նավահանգստի ծրագիրը

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Քումսիշվիլին հայտնել է, որ առաջիկա օրերին տեղի է ունենալու Անակլիայի նավահանգստի ծրագրի ներկայացումը, որի ընթացքում հայտնի են դառնալու Վրաստանի կառավարության և Անակլիայի զարգացման կոնսորցիումի միջև համաձայնության մանրամասները: Նախարարն այն դարի նախագիծ է անվանել և շնորհավորել բնակչությանը: Ըստ Քումսիշվիլիի՝ համաձայնագիրը 9 կետ ունի, վերջնական արդյունքում նավահանգստի ելքային հնարավորությունը հասնելու է 100 մլն. տոննայի: Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին էլ իր հերթին նշել է, որ այս նախագիծը պետք է ամբողջովին փոխի աշխարհաքաղաքականությունը, լանդշաֆտը, հնարավորություն է տալու զարգացնել տրանզիտային ներուժը: Սևծովյան ափին մեծ նավահանգստի և քաղաքի կառուցման գաղափարն առաջին անգամ բարձրաձայնել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին՝ դեռևս 2001-ին։ Այդ ծրագրում քաղաքի անունը Լազիկա էր, սպասվում էր, որ այն դառնալու է ամենամեծ ատևտրային և տնտեսական կենտրոնն արևելյան Վրաստանում, իսկ 10 տարի անց, ըստ նախկին նախագահի, Լազիկան լինելու էր Թբիլիսիից հետո մեծությամբ երկրորդ քաղաքը՝ կես միլիոնանոց բնակչությամբ:

2012-ի իշխանափոխությունից հետո «Ֆորբսին» տված հարցազրույցում, «Վրացական երազանքի» առաջնորդը Լազիկայի նախագիծն անվանել էր անեկդոտ, ծրագիրը՝ խարդախ և աբսուրդային, հասկացնել տալով, որ այն շարունակելու մտադրություն չունի: Սակայն մեկ տարի անց որոշում կայացվեց՝ Անակլիայի հարակից տարածքում նավահանգիստ կառուցել, որը հնարավորություն կունենա տարեկան 110 մլն. տոննա բեռ փոխադրել, ինչը փաստացի կրկնում է Լազիկայի գաղափարը: Այս տարի կառավարության հայտարարած մրցույթը շահել է TBC Holding-ի և ամերիկյան Conti International LLC կազմակերպության կողմից հիմնված կոնսորցիումը, որը զբաղվում է ենթակառուցվածքների և կապիտալ շինարարության ծրագրերով: Նրանց կողմից ներդրման ընդհանուր արժեքը 2,5 մլրդ ԱՄՆ դոլար է:

Թողնել պատասխան