Որևէ նախապայման չկա, որը Հայաստանին առևտրային միջանցքի բացման հույս կտա. Աբաշիձե

«Տարանցիկ ավտոճանապարհների թեման չենք քննարկում»,-հայտարարել է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն` անդրադառնալով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հայտարարությանը, թե Հայաստանը հույս ունի, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև, Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով առևտրային միջանցքներ կբացվի:

Աբաշիձեն Interpressnews-ի հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև բանակցություններ են ընթանում բեռնաշրջանառության մոնիտորինգի վերաբերյալ և որևէ նախապայման չկա, որը Հայաստանին Աբխազիայի տարածքով առևտրային միջանցքի բացման հույս է տալիս:

«Մենք այժմ ռուսական կողմի հետ  բանակցում ենք, որ իրագործվի 2011 թվականի համաձայնագիրը: Դրա համար անհրաժեշտ է պայմանագրեր ստորագրել շվեյցարական SGS կազմակերպության հետ: Այս բանակցություններին ակտիվորեն ներգրավված են նաև շվեյցարացի մեր գործընկերները: Նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո ստեղծվելու է վրաց-ռուս-շվեյցարական աշխատանքային խումբ, որը մոնիտորինգ է իրականացնելու»,- հայտարարել է Աբաշիձեն:

Հիշեցնենք, որ 2011 թվականի նոյեմբերի 9-ին, Ժնևում, առևտրի համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի անդամակցության վերաբերալ, Շվեյցարիայի միջնորդությամբ ընթացող բանակցությունների շրջանակներում Վրաստանի և Ռուսաստանի կառավարությունները փաստաթղթերի փաթեթ են ստորագրել, առաջինը՝ մաքսային վարչարարության և ապրանքաշրջանառության մոնիտորիգի վերաբերյալ, երկրորդը՝ փոխըմբռնման հուշագիր, երրորդը՝ երեք կողմերը՝ Ռուսաստանը, Վրաստանը և Շվեյցարիան փոխանակել են փաստաթղթերը միջազգայնորեն ճանաչված այն չեզոք կազմակերպության գործունեության վերաբերյալ, որը մոնիտորինգ իրականացնելու մանդատ է տվել Շվեյցարիայի կառավարությանը:

Թողնել պատասխան