Ուկրաինայի սահմանապահները պատրաստվում են Սահակաշվիլիի հնարավոր այցին

Ուկրաինայի սահմանապահ պետական ծառայությունը երկիր այցելողներին նախազգուշացնում է հնարավոր դժվարությունների մասին, որոնք կարող են առաջանալ լեհ-ուկրաինական «Կրակովեց» սահմանային անցակետում՝ Միխեիլ Սահակաշվիլիի վերադարձի կապակցությամբ ծրագրված ակցիաների պատճառով։

Ծառայության ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունում ասված է․ «Անցակետում զանգվածային ակցիաների պատճառով սեպտեմբերի 9-12-ը ընկած ժամանակահատվածում Ուկրաինայի սահմանապահ պետական ծառայությունը խորհուրդ է տալիս դժվարություններից խուսափելու համար այլ  ճանապարհներ ընտրել»:

Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը նաև նշել է, որ նրանք, ովքեր ծրագրում են դիմավորել Միխեիլ Սահակաշվիլիին, պետք է տեղեկանան սահմանային գծում գործող օրենքներին։ «Դիմում ենք ձեզ՝ պահպանել օրենքով հաստատված կարգերը»,- նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ Վրաստանի նախկին նախագահը, որ Ուկրաինայում զբաղվում էր ընդդիմադիր գործունեությամբ, հուլիսի 26-ին Պետրո Պորոշենկոյի հրամանով զրկվեց այդ երկրի քաղաքացիությունից։ Այժմ նա գտնվում է Լեհաստանում, որտեղ հայտարարել է, որ սեպտեմբերի 10-ին պատրաստվում է մուտք գործել Ուկրաինա։

Սահակաշվիլիի աջակիցները հայտարարել են սահմանին խաղաղ ակցիա կազմակերպելու մասին։

Թողնել պատասխան