Ուղղափառ աշխարհն այս տարի Զատիկը նշեց  մայիսի 1-ին

Վրաստանի բոլոր ուղղափառ եկեղեցիներում Զատկական պատարագ մատուցվեց: Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդը Զատկական կարգ է կատարել Թբիլիսիի սուրբ Երրորդություն առաջնորդանիստ մայր եկեղեցիում: Ընթերցվել է հոգևոր առաջնորդի Զատկական ուղերձը, ապա տաճարի շուրջը խաչի երթ է տեղի ունեցել: Արարողության ավարտին հոգևորականներն օրհնել են բազմաթիվ հավատացյալների կողմից տաճար բերված զատկական թխվածքներն ու ներկած ձվերը:

Եկեղեցիներին է բաժանվել Երուսաղեմից բերված «սուրբ կրակը», որը նախօրեին հատուկ` չարթերային թռիչքով Թբիլիսի էր բերել ուխտավորների խումբը: Պատարագի վերջում ազդարարվել է մարտի 14-ից սկսված` Մեծ պահքի ավարտը:

Երկրի նախագահը, հավատարիմ մնալով իր սկզբունքին, Զատիկը տոնել է Դմանիսիի` 6-րդ դարում կառուցված փոքր եկեղեցիում: Հայտնի է, որ պատարագներին Գեորգի Մարգվելաշվիլին հազվադեպ է այցելում մեծ եկեղեցիներ` Կառավարության անդամների հետ: Մարգվելաշվիլին և առաջին տիկին Մակա Չիչուան ներկա են եղել պատարագին, ապա շնորհավորել Վրաստանի քաղաքացիներին.

«Յուրաքանչյուրը կարող է հարություն առնել միայն այն ժամանակ, երբ հրաժարվի սեփական մեղքերից, սխալներից ու թուլություններից, երբ կների իրեն և մերձավորներին, գիտեմ, որ մեր երկիրն էլ հարություն կառնի` իր սխալներից, թուլություններից, անօգնականությունից: Մենք պատրաստ ենք ընդունել և ուղղել մեր սխալները, ներել մյուսներին: Քրիստոս հարյավ ի մեռելոց»,— զատկական ուղերձը ավարտել է Վրաստանի նախագահը:

Լուսանկարը` նախագահի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան