«Պապը կույր է, չի տեսնում, քաղաքացին էլ օգնում է»

Ջավախքում, 2016 թ հոկտեմբերի 8-ի ընտրությունները տարբերվում էին մինչ այդ տեղի ունեցածներից։14699748_1282947995069176_722903889_n Սամցխե-Ջավախեթիից տարբեր կուսակցություններ ներկայացնող մեծամասնական այսքան շատ թեկնածու երբեւէ չի եղել, ասում էին տեղացիները: Այսպես, ընտրություններում մեծամասնական թեկնածուները հետեւյալներն էին․ «Պաատա Բուրճուլաձե- պետությունը հանուն ժողովրդի» կուսակցությունից Շաքրո Այվազյանը, «Միացյալ ազգային շարժում»-ից ՝ Արսեն Կարապետյանը, «Հանրապետականներից» ՝ Աշոտ Սաարյանը, «Վրաստանի հայրենասերերի դաշինք»-ից՝ Մերուժան Կարախանյանը, «Ազգային ֆորում»-ից՝ Արմենակ Փոլորչյանը, իշխող «Վրացական երազանք»-ից Հենզել Մկոյանը եւ երկու անկախ թեկնածու՝ Արտաշես Փալանջյանն ու Ռոբերտ Ջաղացպանյանը: Մինչ բուն ընտրական գործընթացին հետեւելը, ինձ հետաքրքրում էր՝ արդյո՞ք ժողովուրդը թեկնածուներին ճանաչում է, թե՝ ոչ, ջավախահայությունը ըստ կուսակցությունների, թե ըստ անունների է ընտրություն կատարելու: Բոլորի համար պարզ էր, թե որ գյուղում, որ թեկնածուն էր ձայների մեծ մասը հավաքելու․ «Այդտեղ նա շատ բարեկամներ ունի» ասում էին գյուղի բնակիչները: Չնայած նրան, որ թեկնածուներից բոլորն էլ ունեին «խնամի-ծանոթ-բարեկամ», տեղի բնակիչները գիտեին՝ 17-ամյա իշխանությունից հետո Հենզել Մկոյանը չի կշտացել ու կրկին հաղթելու է: Մկոյանի թեման պարբերաբար հիշվելու է ստորեւ, սակայն մինչ այդ անցնենք ընտրությունների բուն գործընթացին Նինոծմինդա-Ախալքալաք ընտրատարածքում:

14625527_1282947981735844_1634286418_nԻնչպես օրենքն է պահանջում, ընտրատեղամասերը բացվեցին առավոտյան ժամը 8-ին, սակայն որոշ տեղերում փոքր ուշացումներով՝ 8:15, 8:06 եւ այլն… Գործընկերներիս հետ ընտրություններին սկսեցինք հետեւել վաղ առավոտյան՝ Նինոծմինդայում: 8-ն անց 8 րոպե Նինոծմինդայի 02 ընտրատեղամասի առջեւ էինք՝ առաջին ընտրողների հետ: Այս ժամին տեղամասի դուռը թակող ընտրողների հոծ բազմություն կար։ 14740976_1282947985069177_1245357469_nԱյս ընտրատեղամասում առաջին ընտրողն էր գրող-հրապարակախոս Ժորա Սնխչյանը, ով ինձ հետ զրույցում ասաց, որ եկել է իր ձայնը տալու 17 տարվա պատգամավորին, որպեսզի՝ իր խոսքերով, Վրաստանը է՛լ ավելի անկախանա ու ժողովրդավարական դառնա․ «Հենզելը հաղթելու է» աներկբա հայտարարեց Սնխչյանը:

Միեւնույն տեսարանին ականատես եղանք Ախալքալաքում, որտեղ ուղեւորվեցինք Նինոծմինդայից անմիջապես հետո: Այս դեպքում ընտրատեղամասը բացվել էր մի քանի րոպե ուշացումով։ Հենց բացման պահին հանդիպեցինք միջազգային դիտորդների: Այստեղ նաեւ իր ընտրությունն էր կատարելու եկել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Արսեն Կարապետյանը: Կարապետյանն ինձ համեստ մարդ թվաց, երբ հարցրի՝ ի՞նչ եք խոստանում անել ընտրվելուց հետո, ասաց, թե ընտրատեղամասի մոտ քարոզչությամբ չի պատրաստվում զբաղվել։ Փոխարենը խորհուրդ տվեց ծրագիրը կարդալ, թե հետաքրքրված ենք… Հիմա արդեն կարող ենք արձանագրել՝ ընտրությունների արդյունքները Ջավախքում թեկնածուի համեստությունով չի պայմանավորվել։

Ախալքալաքում ու հարակից գյուղերում նախընտրական պաստառների պակաս չկար, ընդ որում միեւնույն պատին կարելի էր տեսնել մի քանի թեկնածուների նկարները։ Նախընտրական քարոզարշավը կարծես կայացել էր այս քաղաքում: Ջավախքի Jnews լրատվականի մեր գործընկերների հետ թիմեր կազմելուց հետո շարժվեցինք 4 տարբեր ուղղություններով։ Ինձ բաժին հասան Կարծախը, Սուլդան, Դադեշը, Կիրովականը, Վաչիանն ու Գումբուրդոն: Ինձ այնպես թվաց, որ՝ այս ուղղությամբ, միմյանցից ոչ հեռու տեղակայված գյուղերի բնակիչները որքան նման, այնքան էլ տարբեր բնավորություններով ու խառնվածքով մարդիկ էին:

14627838_1282945341736108_1495365040_nԵվ այսպես հասանք Կարծախ… Վրաց-թուրքական սահմանային Կարծախը այս շրջանի խոշոր գյուղերից է։ Գյուղ հասանք ընտրոթյունների ամենաակտիվ պահին՝ 10:30-ին։ «Հետո գնալու են հանդերը քարթոլ հավաքելու, մինչեւ էդ եկել են ընտրեն, հըբը աշխատող ժողովուրդ են»,- մեզ բացատրում էին հանձնաժողովի անդամները։ Ուշագրավ մի փաստ, Կարծախում, մեր հեռախոսների վրա հայտնվեցին թուրքական բջջային օպերատորների ծառայություններով հաղորդագրություններ: Թիվ 40 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամներն ինձ անհանգիստ թվացին: Ուշադրությունս գրավեց մեր անուններն ու կարգավիճակը փաստաթղթերում գրանցող կինը, ով՝ ըստ երեւույթին դժվարանում էր կարդալ վրացերեն տառերը եւ ի վերջո խնդրեց, որ ինքներս լրացնենք: Ինձ նաեւ թվաց, որ հանձնաժողովի անդամները մեր ներկայությունից լրացուցիչ զգաստություն էին ցուցաբերում։14642698_1601246850177843_853357656_n Երբ տարեց մի պապիկի ընտրություն կատարել օգնողի փաստն արձանագրեցինք, հանձնաժողովականները բացատրեցին՝ «Պապը կույր է, չի տեսնում, քաղաքացին էլ օգնում է»։ Տեսողության խնդիր ունե՞ք հարցս ծերուկն անպատասխան թողեց։ Հետաքրքիր էր դիտորդներից մեկի պատմածը այն մասին, որ 3 հոգի առանց անձնագրի փորձել են մասնակցել ընտրությանը։ Հանձնաժողովի անդամներն ասել են, թե ճանաչում են իրենց, սակայն դիտորդները թույլ չեն տվել օրենքի խախտումով ընտրություն կատարել: Միառժամանակ շրջում էինք՝ հետեւում ընտրությունների ընթացքին, երբ հանձնաժողովի քարտուղարը խնդրեց պահել տեսախցիկները. «Ես ի՞նչ իմանամ, կարողա նկարում եք»։ Քիչ անց ընտրատեղամաս այցելեցին ԵԱՀԿ դիտորդները թարգմանչի հետ: Վերջինը խոսում էր ռուսերեն եւ անգլերեն, մինչդեռ տեղամասի պաշտոնյաները չէին տիրապետում ո՛չ առաջինին, ո՛չ երկրորդին։ Տեղամասի տվյալները դիտորդների համար թարգմանելուց հետո, ճամփա ընկանք դեպի Սուլդա…

14627793_1282945408402768_1077550923_nՍուլդայի 55-րդ ընտրատեղամասում կեսօրի դրությամ ընտրողների մասնակցությունը հածվել ու ճաշում էին։ Մեզ ճաշի հրավիրեցին եւ ապա առաջարկեցին ամուսնանալ տեղացիներից մեկի հետ. «էսպես սիրուն աղջկեքի բաց չենք թողնի» հնչեց։ Տեղամասում խախտում չէր գրանցվել, սակայն ԿԸՀ-ից չէր ուղարկվել 641 ընտրող ունեցող գյուղի համար բավարար ընտրաթերթիկ (140-ով պակաս): Ըստ հանձնաժողովի անդամների, ԿԸՀ-ն որեւէ բացատրություն չի տվել եւ փասորեն,եթե գրանցված բոլոր ընտրողները ներկայանային, ապա նրանցից 140-ը չէր կարողանա կատարել քաղաքացիական պարտքը:

14741077_1282945381736104_1539169132_nԴադեշ գյուղ հասանք ժամը 1-ին։ Այս ժամի դրությամբ 56-րդ ընտրատեղամասում 648 ընտրողից ընտրությանն էր մասնակցել 150-ը: Ընտրատեղամասում գրեթե ընտրող չկար: Ինչպես Դադեշում, այնպես էլ մեր եղած 7 գյուղերից ոչ մեկում, որպես լրագրող գրանցվելիս անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ չպահանջեցին: Ի զարմանս ինձ, դա տեղի ունեցավ Վաչիան գյուղում:

Դեռեւս ընտրատեղամասի շեմին, երբ լուսանկարում էինք տարածքը, հանձնաժողովի նախագահն անձնագիր պահանջեց՝ նկատողություն անելով առանց գրանցման լուսանկարելու համար: Նույն սկզբունքով նախագահը արգելեց ընտրատեղամասի տարածք մտնել անձնագիր չունեցող դիտորդների: Ակնհայտ էր՝ այս հանձնաժողովում շատ լավ ծանոթ էին ընտրական օրենսգրքին: Այստեղ, սակայն,կասկածելի թվացին մի քանի անձինք, որոնց նկատել էինք նախորդ գյուղում եւս, ինչպես նաեւ մի քաղաքացի, ով հատուկ հոգատարությամբ պատասխանում էր հանձնաժողովի անդամներին ուղղված մեր հարցերին:

Ի դեպ պիտի նշեմ, որ միջգյուղական ճանապարհներին հաճախ էինք հանդիպում թանկարժեք՝ «777» պետհամարանիշերով ավտոմեքենաների։ Մեզ ասացին, որ դրանք Հենզել Մկոյանի հարազատների ու աջակիցների մեքենաներն են:

14696828_1282945441736098_1080057011_nՀայաստանի 3-րդ քաղաքի ԽՍՀՄ շրջանի անունն ունեցող Կիրովական գյուղի ընտրատեղամասը մեծ հաշվով դատարկ էր։ Հանձնաժողովի անդամները ասում էին, որ անգործությունից ձանձրանում էին: Մեր տվյալները գրանցելուց հետո սկսեցին վրացախառը ռուսերենով խոսել, երբ ասացի, որ հայերեն գիտեմ՝ զարմացան. «Թբիլիսիի հայերը հայերեն գիտեն ի՞նչ է»: Ընտրատեղամասի դիտորդը վրացուհի էր եւ հանձնաժողովի անդամները խնդրեցին զրուցել նրա հետ․ «Մենակ ա մնացել, ոչ մեկս վրացերեն չգիտենք, որ հետը զրուցենք»: Դիտորդի հետ կարճ զրույցից պարզեցինք, որ կողքի գյուղում միջադեպ է արձանագրվել․ «Շտապեք, նյութի լավ թեմա կլինի» խոսքերով, դիտորդը մեզ Գումբուրդո ճանապարհեց․․․

14625420_1282945458402763_533478754_nԳումբուրդոն Հանրապետական կուսակցության մեծամասնական թեկնածու Աշոտ Սաարյանի ծննդավայրն է: Ասում են, որ այստեղ կոնֆլիկտներ հաճախ են լինում։ Ներկաներին դժվարությամբ համոզեցինք խոսել տեղի ունեցածի մասին։ Կծկտուր տեղեկություններ ստանալով պարզեցինք, որ 49 ընտատեղամաս են մտել «Վրացական երազանք» կուսակցության երկու աղջիկներ եւ տեսնելով, թե ինչպես է դիտորդն օգնում ընտրություն կատարել մի տարեց կնոջ, աղմուկ են բարձրացրել։ Հանձնաժողովի անդամները ենթադրաբար վիրավորել են աղջիկներից մեկին, վերջինը՝ դիմել է Ոստիկանություն:14686053_1282945455069430_2028547890_n Այս միջադեպը չմեկնաբանեց թեկնածու Աշոտ Սաարյանը, ասաց, որ տեղյակ չէ տեղի ունեցածից։ Ի դեպ ժամը 16:00-ի դրությամբ նա դեռեւս չէր ընտրել, ասաց․ «Ավելի ուշ կիրականացնեմ քաղաքացիական պարտքս» եւ հիշեցրեց, որ իր գերագույն նպատակն է՝ ազատել ժողովրդին աղքատությունից։

Հասանք Ախալքալաք։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, երբ փորձում էի լուսանկարել այդ պահի դրությամբ ընտրություններին մասնակցած քաղաքացիների թիվը, ԿԸՀ ղեկավարն ինձ առաջարկեց արտագրել դրանք։ «Սրանք մեր ներքին տվյալներն են, այս ձեւաչափով հասանելի են միայն մեզ համար, ավելի լավ է արտագրես»,- ասաց բարեհամբույր կինն ու երբ իրենից վերցրած գրիչը ձեռքիս վերադարձա՝ շոյեց գլուխս։

Մոտեցավ վերջանահաշվարկի պահը՝ երեկոյան 8-ն էր։ Ընտրախախտումների ու բախումների վերաբերյալ իմ սպասելիքներն ըստ էության ի չիք դարձան, համենայնդեպս այն ինչ ես տեսա հանգիստ էր ու խաղաղ։ Չգիտեմ, գուցե 17 տարվա ընթացքում ժողովուրդը սովորել է հաղթանակը Հենզել Մկոյանին մատուցել հանգիստ, գուցե այլընտրանք չկա, կամ էլ մարդիկ՝ կորցրել են փոփոխությունների հավատը։ Ինչ էլ որ լինի, փաստն այն է, որ իշխանական թեկնածու Հենզել Մկոյանին ձայն է տվել Ջավախքի ընտրողների 60 տոկոսից ավելին եւ այս ընտրությամբ էլ ապրելու են առաջիկա 4 տարիներին։

Թողնել պատասխան