Պաստառը վիրավորել է օգտատերերին. կազմակերպությունը ներողություն է խնդրում

Համացանցում վրաց օգտատերերի կողմից վերջին մի քանի օրերին քննադատական մեկնաբանություններով Enterprise Rent-A-Car կազմակերպության հայաստանյան գրասենյակի գովազդի նկարն է շրջանառվում, որտեղ Վրաստանը նշված է առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի: 
Կազմակերպության գլխավոր տնօրեն Արսեն Սուքիասյանը բացատրական նամակ է ուղարկել Վրաստանի արտաքին գործերի նախարարին, որտեղ ասում է, որ թյուրիմացություն է տեղի ունեցել: 
«Պարոն Միխեիլ.
Այս նամակով ցանկանում եմ հայտարարել, որ ՍՊԸ J.M.C-ն Enterprise Rent-A-Car միջազգային բրենդի դուստր կազմակերպություն է, որը վարձակալությամբ ավտոմեքենաներ է տրամադրում:
Մեր կազմակերպությունը Երևանում գտնվող իր խանութում գովազդի պաստառ է տեղադրել, որտեղ նշված է եղել Վրաստանի քարտեզը, որպեսզի մեր հաճախորդներին հնարավորություն տանք մեր կազմակերպության միջոցով ուղևորվել Թբիլիսի, ինչպես նաև` Թբիլիսիից Երևան: Մենք ցանկացել ենք Վրաստանի քարտեզ տեղադրել, որտեղ մանրամասներ նշված չէր լինի (քաղաք, շրջան և այլն), այլ քարտեզը կլիներ դրոշով պատկերված: Google-ից նման քարտեզ ներբեռնելու պահին ուշադրություն չենք դարձրել, որ այդ քարտեզը չի համապատասխանում Վրաստանի պաշտոնական սահմաններին: Հետևաբար, ցանկանում եմ անկեղծորեն ներողություն խնդրել  և հայտարարել, որ սխալ քարտեզով պաստառն այլևս հեռացվել է մեր գրասենյակից:
Միևնույն ժամանակ, ցանկանում եմ հայտարարել, որ մեր կազմակերպությունը հարգում է Վրաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները: Հետևաբար, այս սխալմունքը, որը տեղի է ունեցել անմեղորեն, որևէ կերպ չի ներկայացնում մեր կազմակերպության և հայ հասարակության դիրքորոշումը:
Մոտ օրերս մենք նոր պաստառ կպատրաստենք այն քարտեզով, որը մեզ տրամադրել է Հայաստանում Վրաստանի դեսպանությունը և ձեզ կներկայացնենք նոր պաստառի լուսանկարը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ ըմբռնում եք ստեղծված իրավիճակը:
Հարգանքներով`
ՍՊԸ J.M.C գլխավոր տնօրեն
Արսեն Սուքիասյան»։
19141624_268319993571878_495817113_n

Թողնել պատասխան