Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է առաջնահերթություն լինեն. Նինո Բուրջանաձե

«Միացյալ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ,  խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն այն կարծիքին է, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա, իսկ ԵՄ հետ վիզայի ազատականացում մոտ ապագայում չի ստանա:

Բուրջանաձեն գտնում է, որ  այդ պատճառով  Ռուսաստանի հետ հարաբերությունները Վրաստանի համար պետք է առաջնահերթություն դառնան, «Ոչ ոք կոչ չի անում հրաժարվել Եվրամիությանն անդամակցելուց, սակայն կոչ ենք անում   բնակչությանը ճշմարտությունն ասել, որ Վրաստանը  ազատ մուտքի իրավունք չի ստանա, ավելին`  ԵՄ անդամ չի լինի»:

Սրա հետ մեկտեղ կուսակցության առաջնորդը, ով պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը գալիք  խորհրդարանական ընտրություններին,  առաջարկում է փոխել Վրաստանի արտաքին քաղաքականության ուղղությունը. «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեզ համար Ռուսաստանի հետ հաաբերությունները պետք է առաջնահերթություն լինեն, քանի որ ռուսական  կողմից քաղաքական և տնտեսական հարաբերությունների կարգավորումը ուղղակիորեն կազդի մեր բնակչության վրա»,- ասել է Բուրջանաձեն:

Վրաստանի իշխանությունները  հույս ունեին, որ ԵՄ-ը  վիզային ռեժիմը կչեղարկի ամռանը, սակայն հարցի քննարկումը հեաձգվեց` Գերմանիայում և Ֆրանսիայում ներգաղթի քաղաքականության պատճառով: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի Վարշավյան վեհաժողովին, որը ծրագրված է հուլիսի 8-9-ը, Վրաստանի իշխանությունները ֆորումից երկրի պաշտպանունակության բարձրացման  լուրջ սպասելիքներ ունեն և նախատեսում են կենտրոնանալ ՆԱՏՕ-Վրաստան երկկողմ համագործակցության վրա, իսկ Վրաստանի  Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հարցը չի քննարկվելու:

Թողնել պատասխան