Ռուսաստանում հնարավոր է արգելվի վրացական գինու և Բորժոմիի ներմուծումը

Ռուսաստանի պետական Դուման երկրի կառավարությանը,  Վրաստանից գինու և Բորջոմի հանքային ջրի ներմուծումը արգելելու դիմումով է հանդես եկել: Ինչպես հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները, Դումայի միջազգային հանձնաժողովը պատրաստում է հայտարարություն, որով կդատապարտի Վրաստանի և ևս 5 երկրի որոշումը` միանալ Ղրիմի և Սևաստոպոլի դեմ պատժամիջոցները երկարացնելու վերաբերյալ ԵՄ-ի որոշմանը: Ինչպես Lenta.ru լրատվամիջոցին է հայտնել հանձնաժողովի անդամ Յան Զելինսկին, հանձնաժողովի` Ռուսաստանի կառավարությանը ներկայացվող դիմումը խորհրդատվական բնույթի է:

Նրա պարզաբանմամբ` «Այս երկիրը (Վրաստանը) հիմարություն կանի, քանի որ հնարավոր ռուսական հակաքայլերը ավելի վնասակար կլինեն»:

Ինչպես հայտնի է դարձել հուլիսի 20-ին, Վրաստանը միացել է Եվրամիության` Ղրիմի և Սևաստոպոլի դեմ պատժամիջոցների վերաբերյալ որոշմանը: Վրաստանից զատ, Եվրամիության նշված որոշմանը միացել են Մոնտենեգրոն, Ալբանիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան եւ Ուկրաինան: Եվրամիության խորհուրդը Ղրիմի եւ Սեւաստոպոլի դեմ պատժամիջոցները երկարաձգելու վերաբերյալ որոշում է կայացրել հունիսի 17-ին: Ղրիմի եւ Սեւաստոպոլի դեմ պատժամիջոցներն ի սկզբանե սահմանվել էին դեռևս 2014 թվականի հունիսին:

Թողնել պատասխան