«Ռուսթավի 2» հեռուստաընկերության շուրջ կրքերը չեն հանդարտվում

Անցած շաբաթ «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունն իր շուրջը համախմբեց հարյուրավոր համախոհների, ովքեր չեն համակերպվում հեռուստաընկերությունը նոր սեփականատերերին փոխանցելու մտքի հետ։

Մարտի 2-ին Վրաստանի գերագույն դատարանի կողմից «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գործով դատական նիստն էր ընթանում, որն ուղեկցվեց բողոքի ակցիայով: Մինչ դատարանի վճռի հրապարակումը, հեռուստաընկերության աջակիցները եւ «Միացյալ ազգային շարժման» համախոհները դատարանի դիմաց պահանջում էին հեռուստաալիքը թողնել ներկայիս սեփականատերերին:

«Ռուսթավի 2»-ի դատական գործը սկսվել է 2015 թվականի օգոստոսից, երբ հեռուստաընկերության նախկին սեփականատեր Քիբար Խալվաշին պահանջեց իրեն հետ վերադարձնել վաճառված հեռուստաընկերությունը` պատճառաբանելով, թե 2006 թվականի վաճառքից ստացած գումարն իրեն չի գոհացնում: Խալվաշին հեռուստաընկերության սեփականատեր է համարվել 1 տարի, իսկ ընկերության բաժնեմասերը վաճառելուց հետո մի քանի սեփականատեր է փոխվել:

Մինչ դատարանի որոշումը հրապարակելը ցուցարարներին միացան նաեւ վերջերս «Միացյալ ազգային շարժման» շարքերը լքած «Եվրոպական Վրաստան» խմբակցության անդամները: Խմբակցության առաջնորդներից Գիգա Բոկերիան լրագրողների հետ զրույցում ասաց, որ կպայքարեն այնքան, մինչեւ արդյունքի հասնեն։

«Մեր` քաղաքացիներիս, պարտքն է անհրաժեշտության դեպքում մեր բողոքն արտահայտել: Բոլոր լեգիտիմ եւ ժողովրդավարական լծակները պետք է օգտագործենք եւ վնաս հասցնենք իշխող թիմին»,-ասել է Բոկերիան։

Բողոքի ցույցին մասնակցող, Վրաստանի բարեփոխումների ասոցիացիայի (GRASS), համահիմնադիր, փորձագետ Սերգի Կապանաձեն ասել է, որ եկել են իրենց զորակցությունը հայտնեն «Ռուսթավի 2»-ին եւ պաշտպանեն խոսքի ազատությունը:

«Սա իսկապես կարեւոր օր է մեր երկրի համար: Բոլորը պետք է որոշեն՝ գալի՞ս են պաշտպանելու խոսքի ազատությունը, թե՝ ոչ։ Եթե չեն գա, կստանանք մի մեդիատարածք, որտեղ ցուցադրում են միայն այն նորությունները, որոնք իշխանություններն են ուզում: Այդ պատճառով «Ռուսթավի 2»-ի պաշտպանությունը նաեւ ազատ լրատվամիջոցների եւ այն լրագրողների պաշտպանությունն է, ովքեր փորձում են օբյեկտիվ լրատվություն տալ, ովքեր ցանկանում են քննադատել իշխանությանը»,-ասել է Կապանաձեն:

Խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Սոփիո Կիլաձեն էլ նշել է, որ եկել է աջակցելու ոչ միայն «Ռուսթավի 2»-ին, այլ նաեւ ընդհանրապես խոսքի ազատությունը:

«Հիմա իշխանությունները փորձում են փակել բոլոր այն պատուհանները, որոնց միջոցով հասարակությունն իմանում է իրականությունը: Առաջինը կլինի «Ռուսթավի 2»-ը, հաջորդը` մեզնից յուրաքանչյուրը: Կարծում եմ որոշումն արդեն իսկ կայացված է: Հետաքրքիր է միայն՝ քանի՞ դատավոր ռիսկի կդիմի եւ Թեա Ծուլուկիանիի գրասենյակում ստորագրված որոշման տակ կստորագրի: Իշխանություններին կոչ եմ անում փոխել արդեն իսկ կայացրած որոշումը: Որեւէ իշխանություն լրատվամիջոցների հետ պատերազմ չի հաղթել»,-ասել է Կիլաձեն:

Մարտի 2-ին հրապարակվեց դատարանի որոշումը, որով հեռուստաընկերության 60% մասնաբաժնի սեփականատեր է դառնում  Քիբար Խալվաշին, մնացած 40%-ը կտնօրինի «Պանորամա» ՍՊԸ-ն, որն ի դեպ, եւս պատկանում է Խալվաշիին, հետեւաբար նա փաստացի հեռուստաընկերության միակ` 100%-ոց սեփականատերն է:

Իսկ հեռուստաընկերության աջակցության բողոքի ցույցը շարունակվեց նաեւ երեկոյան, «Ռուսթավի 2»-ի շենքի մոտ:

Որոշ ցուցարարներ նույնիսկ  գիշերեցին շենքի հարակից տարածքում տեղադրված վրաններում։ Կեսգիշերին, հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հատուկ ճեպազրույց հրավիրեց, որի ժամանակ հայտարարեց ընկերությունը Խալվաշիից գնելու պատրաստակամության մասին:

«Իհարկե, համաձայն չենք դատարանի որոշման հետ եւ գտնում ենք որ այն քաղաքական որոշում է, սակայն որոշումն ուժի մեջ է, մենք խորհրդակցել ենք իրական սեփականատերերի հետ եւ հետեւյալ հայտարարությունն ենք անում. քանի որ պաշտոնապես հայտարարել են, որ «Ռուսթավի 2»-ի քաղաքականությունը կարեւոր է, եւ հաշվի առնելով, որ Քիբար Խալվաշին հայտարարել է, որ սա իր համար բիզնես է եւ պատրաստվում է վաճառել հեռուստաընկերությունը, եթե չեք ուզում բոլոր հեռուստատեսությունները խոսեն միաձայն, «Ռուսթավի 2»-ը փոխանցեք իրական սեփականատերերին: Մենք Քիբար Խալվաշիին կվճարենք 3 944 397 դոլարը գումար»,-ասել է Գվարամիան:

Սակայն, Խալվաշին հրաժարվել է Գվարամիայի առաջարկից՝ ասելով, թե Գվարամիան եւ Սահակաշվիլին մեծ վնաս են հասցրել իրեն:

Թողնել պատասխան