Սաակաշվիլին խոսել է «Միացյալ ազգային շարժման» սպասվող համագումարի մասին

Նոյեմբերի 23-ին Վրաստանի երրորդ նախագահ, այժմ ընդդիմադիր Միխեիլ Սաակաշվիլին «Միացյալ ազգային շարժման» կողմից մինչև տարվա վերջ նախատեսվող համագումարի մասին համացանցում պարզաբանող տեսանյութ է հրապարակել:

Ըստ Սաակաշվիլիի՝ Վրաստանի պետականության պահպանման համար «Միացյալ ազգային շարժման» դերը անփոխարինելի է:

«Այժմ շատ կարևոր է, թե ինչ ճանապարհ կընտրի մեր կուսակցությունը: Կդառնա ժողովրդից մեկուսացած կուսակցական խումբ, թե կառաջնորդի համընդհանուր ժողովրդավարական շարժումը: Համագումարն անցկացնելու երկու՝ միմյանցից կտրուկ տարբերվող տարբերակ կա.

Առաջին՝ համագումարն անցկացնել 2000 մասնակցով, և երկրորդ՝ համագումարին մասնակից դարձնել առնվազն 3 անգամ ավելի ներկայացուցչի:  Ինձ համար առաջին տարբերակն անընդունելի է, անընդունելի է նաև այն սկզբունքը, ըստ որի կընտրվեն այդ 2000 մասնակիցները:

Այս համագումարից հետո կուսակցության պատմության մեջ նոր փուլ է սկսելու, որտեղ գլխավոր նպատակը պետք է լինի հանրության լայն ընդգրկվածությունը», — նշել է Սաակաշվիլին:

Հիշեցնենք, որ նախատեսվող համագումարի ժամանակ որոշվելու է, թե ով է ղեկավարելու կուսակցությունը, ինչպես նաև հստակեցվելու են Վրաստանում ամենամեծ ընդդիմադիր ուժի հետագա անելիքները:

Թողնել պատասխան